‘Չեմպիոնների լիգա. Վճռորոշ օր «մահվան խմբում» և հստակ առաքելություն «Կամպ Նոույում»’

693

ՉԼ-ի 4-րդ խաղային օրը մեծամասնության ուշադրությունը լինելու է, իհարկե,«մահվան խմբի» վրա, իսկ ամենահնչեղ անվանմամբ խաղում շատերին հուզում է ոչ թե արդյունքը, այլ մի 26-ամյա արգենտինացի խաղացողի մարզավիճակը:

E Խումբ

«Չելսի» — «Շալկե 04»

«Բազել» — «Ստյաուա»

Գելզենկրիխենում տեղի ունեցած առաջին խաղի ելքը վճռվեց արդեն 5-րդ րոպեին: Արագ գոլը պարզապես սպանեց «Շալկեին», որն այդպես էլ չմտավ խաղի մեջ: Իրականում այս պահին թիմերի միջև տարբերությունը 3 գնդակ չէ, և «Չելսիի» նյարդային ֆոնի վրա, Լոնդոնում միավորներ վաստակելը հյուրերի համար ֆանտաստիկա չպետք է թվա:  Մոուրինյոյին չափազանց դուր չեկավ իր խաղացողների տրամադրվածությունը վերջին «Նյուքասլի» դեմ խաղում, այնպես որ պորտուգալացին, ամենայն հավանականությանբ, մի քանի կարևոր փոփոխություններ կկատարի հիմնական կազմում: Ամեն դեպքում՝ երկու թիմերն էլ պայքարելու են հաղթանակի համար, քանի որ «Բազելը», սեփական հարկի տակ «Ստյաուային» հաղթելու դեպքում, կարող է շրջանցել նրանց:

F Խումբ

«Բարուսիա Դորտմունդ» — «Արսենալ»

«Նապոլի» — «Օլիմպիկ Մարսել»

666 — այսպիսի տեսք ունի «մահվան խմբի» թիմերի միավորների տեսքը առաջին խմբից հետո, ինչը վկայում է այն մասին, որ 3 թիմերը, բացի «Մարսելից», մինչև վերջին տուր պայքարելու են խմբից դուրս գալու համար: «Էմիրեյթսում» թիմերը երկրպագուներին չզարմացրին իրենց խաղով, բայց «Սիգնալ Իդունա Պարկում» բոլորին այլ հանդիպում արժե ակնկալել: Հանգստյան օրերին «Արսենալը» կարևոր հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ, մի թիմի, որտեղ կարող էր հայտնվել Հենրիխ Մխիթարյանը, և լավ տրամադրվածությամբ է մոտենում խաղին: «Զինագնացների» համար շատ կարևոր է, որ այսպիսի հանդիպման ընթացքում իր լավագույն խաղը ցուցադրի Օզիլը, ով դեռևս «Ռեալ Մադրիդի» կազմում «Բորուսիայի» դեմ լավ խաղեր չէր անցկացնում:

«Նապոլին» էլ, եթե պարտադիր պետք է հաղթանակ տանի «Մարսելի» նկատմամբ, կարող է մոռանալ արդեն Եվրոպայի լիգայի ուղեգրի մասին:

G Խումբ

«Զենիթ» — «Պորտո»

«Ատլետիկո Մադրիդ» — «Աուստրիա»

«Զենիթ» — «Պորտոն» կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21:00-ին: Սպալետտին հուսով է, որ ինչպես Պորտուգալիայում, սեփական հարկի տակ էլ «Զենիթին» այս հավասար դիմակայունությունում հաղթել կօգնի իր խաղացողների ավելի բարձր կարգը:

Սիմեոնեի «Ատլետիկոն» շարունակում է լավ մարզավիճակ պահպանել և պետք է որ դժվարություններ չունենա խմբի ետնապահի դեմ խաղում 1/8-րդ եզրափակչի ուղեգիրն ապահովելու հարցում: «Ներքնակավորների» կազմում հատկապես լավ մարզավիճակում են Դիեգո Կոստան ու Դավիդ Վիլյան, ովքեր այսպես շարունակելու դեպքում կարող են միասին խաղալ նաև ԱԱ 2014-ի ընթացքում:

H Խումբ

«Բարսելոնա» — «Միլան»

«Այաքս» — «Սելտիկ»

«Բարսելոնային» հաղթանակը չի մտահոգում, նրանց դա պետք չէ, և գրեթե ոչինչ չի տա՝ բացի ՈՒԵՖԱ-ի կողմից 1 մլն $ պարգևավճարից: «Կամպ Նոույում» տեղի ունենալիք խաղում կատալոնցի երկրպագուները, թիմի ֆուտբոլիստները, ակումբի մարզչական շտաբը մեկ կարևոր առաքելություն ունեն՝ վերադարձնել Լեո Մեսսիի ժպիտը: Արգենտինացին, ընդամենը 4 հանդիպում է, ինչ գոլի հեղինակ չի դարձել, ինչի հետևանքով նրա մարզավիճակի մասին Պիրենեայում խոսում են բոլորը՝ դերասաններից մինչւ քաղաքական գործիչներ և իհարկե վերլուծաբաններ, որոնց մեծ մասը համարում է, որ Տատան կոտրում է Մեսսիին: Կլինի գոլ՝ Մեսսին կրկին կսկսի փայլել, չի լինի՝ կշատանան այն քննադատները, ովքեր կաղաղակեն այն մասին, թե Լեոյին հինգերորդ անընդմեջ «Ոսկե գնդակ» շնորհելը ֆուտբոլի նկատմամբ հարգանքի բացակայություն կնշանակի:

Իսկ, ահա, խմբի մեկ այլ խաղում «Այաքսն» ու «Սետիկը» կվիճարկեն, թե որ թիմն է փորձելու «Միլանի» հետ պայքարել՝ «փլեյ-օֆֆ» դուրս գալու համար:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘ОРТ-ն Մաշտոցի պողոտայի բախումների մասին. Տեսանյութ’