‘
Կայացան ՉԼ-ի խմբային փուլի առաջին հանդիպումները. գերազանց «Բավարիա», կորուսյալ «Չելսի» և իրենց հաղթանակների հաշիվներին անարժան իսպանական գրանդներ:
Խումբ A
«Մանչեստեր Յունայթեդ» — «Բայեր Լեվերկուզեն» 4-2
«Բայերից» շատ բան այս խմբում քչերն են սպասում, բայց պայքարել Մոյեսի նոր կառուցվող թիմի դեմ կարելի է: Մինչ Ռունիի գոլը, ով, ինչպես The Telegraph-ի վերլուծաբան Հենրի Ուինտերն է ասում, «Յունայթեդի» պատմության մասնիկ վերածվելուց նախընտրեց շարունակել պատմություն կերտել ՄՅՈՒ-ում, Մոյեսի սաները ցույց էին տալիս ամեն ինչ՝ բացի համակարգված ֆուտբոլից. Ֆելաինիի և Կագավայի՝ միաժամանակ խաղադաշտում գտնվելը դեռևս շատ խոսակցությունների տեղիք կտա: «Մանկունյանցիներին» դեռևս հաջողվում է միջնակարգ թիմերի դեմ խաղերում կարգի կամ Վան Պերսի Ռունի զույգի հաշվին հաղթանակներ տանել, իսկ ինչ կլինի, օրինակ, եթե նրանք հանդիպեն «Բավարիային»՝ շատ ցավոտ է մտածել: Իսկ մինչ այդ՝ պետք է մտածել 100 % պահերի իրացման և պաշտպանությունում խաղը շտկելու մասին:
«Ռեալ Սոսյեդադ» — «Շախտյոր Դոնեցկ» 0-2
Սանսեբաստյանցիները, ինչպես բազում իսպանական թիմեր, որոնք տարեցտարի հայտնվում են ՉԼ-ում, դեռևս չեն կողմնորոշվում՝ որքան է պետք կարևորել ելույթները Եվրոպայում, և ինչպես լավ արդյունք գրանցել թե՛ Եվրոպայում, թե՛ «Պրիմերայում»: Արդյունքում՝ Վելան և խաղընկերները գրոհում են, իսկ ՉԼ-ում ավելի մեծ փորձ ունեցող «Շախտյորի» խաղացողները, դրսևորելով անհրաժեշտ համբերություն, երկրորդ խաղակեսում Ալեքս Տեյշեյրայի օգնությամբ երկու անգամ գրավում են մրցակցի դարպասը:
Խումբ B
«Կոպենհագեն» — «Յուվենտուս» 1-1
Յուվեն, ինչպես և անցյալ խաղաշրջանում, բարդ է մեկնարկում ՉԼ-ում: Սոլբակենը, ում ֆուտբոլասերները կարող են հիշել 2010-ին Գվարդիոլայի հետ բախման կադրերով, Գերմանիայում և Անգլիայում փորձից հետո վերադառնալով, նորից փորձելու է«Կոպենհագենին» դուրս բերել ՉԼ-ի 1/8-րդ եզրափակիչ: Թուրինցիները, որոնց կազմում Տևեսը ակնհայտ տարաբնույթ որակներ է առաջարկում, իսկ Պոգբան նույնն անում է կիսապաշտպանությունում, ամեն առումով ավելի լավն էին, քան դանիացիները, և արժանի էին խոշոր հաղթանակի, բայց հատկապես երկրորդ խաղակեսում փայլում էր «Կոպենհագենի» դարպասապահ Վիլանդը, ում ընդհանրապես կարելի է համարել առաջին խաղային օրվա հերոսներից մեկը:
«Գալաթասարայ» — «Ռեալ Մադրիդ» 1-6
«Գալաթասարայը» հագեցած է աստղերով, որոնց անվան կողքին, սակայն, կարելի է կիրառել «այլևս հինը չէ» արտահայտությունը: Բայց դա էլ բավարար էր, որպեսզի մինչ Իսկոյի գոլը՝ նրանք առավելություն ունենային Անչելոտիի թիմի հանդեպ և ստիպեին նախ Կասիլյասին (անիծված տարի է անցկացնում), իսկ հետո՝ նաև Դիեգո Լոպեսին (շարունակում է արդարացնել մարզիչների վստահությունը), դրսևորվել լավագույն ձևով: Երկրորդ խաղակեսի մեկնարկում, առանց Դրոգբայի՝ ընդունելով երկրորդ գնդակը, թուրքական թիմն ուղղակի վերացավ խաղադաշտից՝ ստիպելով իրենց երկրպագուներին ժամանակից շուտ հեռանալ մարզադաշտից: Ռոնալդուն, առանձնապեսջանքեր չթափելով՝ ձևակերպեց իր հերթական «հեթ-տրիկը», ինչը կամերունցի կենտրոնական պաշտպանների պարագայում այդքան էլ բարդ չէր:
Խումբ C
«Բենֆիկա» — «Անդերլեխտ» 2-0
5 նոր սերբ խաղացողներով համալրված «Բենֆիկան» հուսով է չկրկնել անցյալ մրցաշրջանի վերջին տեղի ունեցած ողբերգությունը, երբ Եվրոպայի լիգայի եզրափակչում և առաջնության՝ «Պորտուի» դեմ խաղերի վերջին րոպեներին Ժորժե Ժեզուշի սաները զրկվեցին երկու տիտղոսներից: Պորտուգալացիները, հայտնվելով ոչ ամենաբարդ խմբում, ուղղակի պարտավոր էին դուրս գալ «փլեյ-օֆֆ»: Ջուրիչիչի արագ գոլն օգնեց տանտերերին 3 միավորը գրանցելն ավելի դյուրին դարձնել:
«Օլիմպիակոս» — ՊՍԺ 1-4
«Օլիմպիակոսն» այնպես սկսեց, որ թվում էր՝ կկարողնա ապացուցել հանդիպումից առաջ Տյագո Սիլվայի այն խոսքերը, թե նա աշխարհի լավագույն պաշտպանը չէ: Բայց ինչպես և «Գալաթասարայ» — «Ռեալ Մադրիդ» խաղում՝ այստեղ էլ որոշիչ էր հյուրերի բարձր կարգը: Մինչ Կավանիի գոլը՝ ՊՍԺ-ին երկու անգամ Վլադիմիր Վայսի հարվածներից հետո փրկեց դարպասաձողը, մեկ անգամ էլ Սիրիգուն: Վայսը Կավանիի գոլին պատասխանեց առաջին խաղային օրվա ամենագեղեցիկ գոլերից մեկով՝ շրջանցեց բրազիլացիներ Տյագո Սիլվային և Մարկինյոսին՝ ինչպես երեխաներին կշրջանցեր: Երկրորդ խաղակեսում, «Օլիմպիակոսի» հոգնածության ֆոնին՝ Բլանի սաները մի փոքր ավելացրին, և արդյունքում Տյագո Մոտտայի՝ 4 րոպեների ընթացքում երկու միօրինակ գլխով հարվածները 3 միավոր նվիրեցին հյուրերին: Վերջում Իբրահիմովիչը վրիպեց 11 մետրանոցից, իսկ Մարկինյոսը բացեց իր գոլերի թիվը ՉԼ-ում:
Խումբ D
«Բավարիա» — ԲԿՄԱ 3-0
Գվարդիոլան շարունակում է ՉԼ-ում հարգանքի դասընթացներ վարել. խաղերից առաջ երկար գովաբանելով մրցակիցներին՝ արդեն մեկնարկում թաղում է նրանց միավոր տանելու հույսերը:
Ալաբան արդեն երրորդ րոպեին բացեց խաղի հաշիվը, դարձավ այս ՉԼ-ի խաղարկության առաջին գոլի հեղինակը: Փաստորեն՝ բավարացիները վերջինն են գոլի հեղինակ դարձել ՉԼ- 2012-2013 թթ. խաղարկությունում, և առաջինը՝ 2013-2014-ում: Նման բան տեղի էր ունեցել նաև «Բարսելոնայի» հետ 2006-ին: Մնացած 87 րոպեների ընթացքում Գվարդիոլայի թիմը ևս 2 անգամ գրավեց «բանակայինների» դարպասը, բայց ինչը է՛լ ավելի կարևոր է՝ ցույց տվեց մրցաշրջանի մեկնարկից իրենց լավագույն խաղը: Եթե Գվարդիոլան վերադարձնի հաղթանակի քաղցը խաղացողների մոտ և խուսափի ներքին կոնֆլիկտներից, «Բավարիան» իրոք կարող է դառնալ առաջին թիմը, որը երկու մրցաշրջան իրար ետևից նվաճում է ՉԼ-ի գավաթը:
«Վիկտորիա Պլզեն» — «Մանչեստեր Սիթի» 0-3
«Պրեմիեր լիգայում» անհաջող հանդիպումներից հետո Պելեգրինիին վերջապես հնարավորություն է ընձեռվում հաղթանակ տանել: Բացի հաղթանակի փաստից՝ «Սիթիի» խաղը որոշակիորեն սկսում է նմանվել Պելեգրինիի նախկին թիմերի խաղին, ինչը, Տուրեի փայլուն մարզավիճակի հետ, ամենաուրախալի բանն է «քաղաքայինների» համար:
Խումբ E
«Չելսի» — «Բազել» 1-2
Մոուրինյոն, ինչպես իրեն հարիր է, խաղից առաջ ձևացնում է, թե իրեն, բացի արդյունքից՝ խաղի որակն էլ է հետաքրքրում: «Չելսին» իրականում այդքան էլ վատ չի սկսում, հատկապես՝ Օսկարի շնորհիվ, ով արդեն իսկ պատրաստ է՝ առանց Լեմպարդի՝ ստանձնել կենտրոնում «ազնվականների» առաջատարի դերը: Երկրորդ խաղակեսում հենց նա էլ կարող էր փակել հաղթողի հարցը, բայց այս ՉԼ-ում դարպասաձողերը սովորականից ավելի հաճախ են օգնության հասնում: «Բազելը», որն արդեն մեկ անգամ խմբային մրցաշարից դուրս է թողել անգլիական գրանդներից ՄՅՈՒ-ին, փոխում է խաղի տրամադրությունը: Նախ՝ Սալայը լավ խաղարկված կոմբինացիայից հետո հավասարեցնում է հաշիվը, իսկ հետո՝ նաև Ստրելերը անկյունայինից առաջ է մղում հյուրերին: Մոուրինյոն ստիպված է նորից կարևորել արդյունքը:
«Շակլե 04» — «Ստյաուա Բուխարեստ» 3-0
Գելզենկիրխենցիները, ունենալով խմբում նման «Բազել», այս խաղում պարզապես իրավունք չունեին միավորներ կորցնել: Բայց տանտերերը, բացի Բոատենգից և Դրաքսլերից, գրեթե ամբողջ կազմով տառապում են՝ մինչ Ուչիդայի զավեշտալի գոլը: Գոլից հետո, ինչպես շատ հաճախ, «Ստյաուայի» նման միջակ թիմերը կոտրվում են՝ հնարավորություն տալով լավ հանդիպում անցկացնող Բոատենգին և Դրաքսլերին գոլերի հեղինակ դառնալ:
Խումբ F
«Նապոլի» — «Բորուսիա Դորտմունդ» 2-1
Բենիտեսը գիտի՝ ինչպես խաղալ ՉԼ-ում, և դրա մասին բոլորին հիշեցնում է անցյալ ՉԼ-ի եզրափակչի մասնակցի դեմ խաղում: Նեապոլիտանցիները, ընդհանուր առմամբ, գրեթե հավասար առաջին խաղակես են անցկացնում «Բորուսիայի» դեմ, բայց տպավորություն կա որ նրանք ավելի լավ գիտեն իրենց անելիքը (նույնիսկ սխալվելիս՝ վստահ են սխալվում): Իգուաինի գոլից հետո Կլոպը չորրորդ մրցավարին վախեցնում է իր դեմքի արտահայտություններով և հեռացվում է՝ թողնելով իր սաներին առանց իրենց ամենաուժեղ կողմի: Երկրորդ խաղակեսում Վայդենֆելլերի կարմիր քարտից հետո «Նապոլին» ավելացնում է, իսկ Ինսինյեի փայլուն տուգանայինից հետո փակում հաղթողի հարցը: Վերջում լավ հանդիպում անցկացնող Զունիգան գրավում է սեփական դարպասը, բայց «Բորուսիային» ժամանակ և ուժ չի հերիքում ևս մեկ գոլի համար:
«Մարսել» — «Արսենալ» 1-2
Օզիլի առկայությունը կարծես ամբողջովին փոխել է «Արսենալի» տրամադրությունը: Վենգերի թիմը շատ ավելի հասուն է, քան նախորդ մրցաշրջաններում, և բացի դա՝ սովորում է համբերել և պաշտպանվել: Արդյունքում՝ նախ Ուոլկոտն է հրաշալի կերպով օգտվում ֆրանսիացիների պաշտպանության կոպիտ սխալից, իսկ հետո նաև Ռեմսին է շարունակում իր գոլային շարքը: Խաղի ավարտին նշանակված 11 մետրանոցը ոչինչ չի փոխում:
Խումբ Գ
«Աուստրիա» — «Պորտո» 0-1
Պորտուգալիայի չեմպիոնը, ինչպես և կանխատեսվում էր, 3 միավոր է նվաճում Ավստրիայում: Երկրորդ խաղակեսի 5-րդ րոպեին «Պորտուի» առաջատար Լուչո Գոնսալեսն ինքը սկսում, ինքն էլ եզրափակում է հանդիպման միակ արդյունավետ գրոհը, ինչը բավարար է, որպեսզի իր թիմը 3 միավոր վաստակի այս խաղում:
«Ատլետիկո Մադրիդ» — «Զենիթ» 3-1
Սիմեոնեի թիմն ամբողջ հանդիպման ընթացքում ցույց է տալիս, որ նրանք պայքարում են յուրաքանչյուր գնդակի և պահի համար: Հալկի հեռահար փայլուն հարվածը, որը կարող էր փոխել խաղի ընթացքը, այդքան էլ մեծ նշանակություն չի ունենում, քանի որ Արդա Թուրանը բրազիլացու գոլից ընդամենը 6 րոպե հետո նորից առաջ է մղում «ներքնակավորներին»: Իսկ վերջում իր ՉԼ-ի դեբյուտային խաղում աչքի է ընկնում նաև Լեո Բապտիշտաոն:
Խումբ H
«Բարսելոնա» — «Այաքս» 4-0
«Տոտալ ֆուտբոլի» առաջին պաշտոնական առճակատումը ներկայացման չվերածվեց: «Այաքսը» իրականում շատ ավելի լավն էր, քան կարող է հաշվից թվալ՝ հոլանդացիները լավ պաշտպանվում են, հատվածաբար նույնիսկ ավելի լավ են գրոհում, քան «Տատայի» թիմը, բայց անզոր են Մեսսիի դեմ: 2-0-ից հետո, որոնք «կուլեները» խփել էին տուգանայինից և հակագրոհից, Դե Բուրի սաները հանձնվում են և թույլ են տալիս Պիկեին և Մեսսին ևս երկու գոլ գրանցել: Բարսան նվաճում է 3 միավոր, բայց կամ մտածված ուժ են խնայում, կամ «Տատայի» թիմում խաղերին տրամադրվելու լուրջ խնդիրներ կան:
«Միլան» — «Սելտիկ» 2-0
«Սելտիկը» ամբողջ առաջին խաղակեսն ու երկրորդ խաղակեսի մի հատվածը տիրում է խաղին, բայց զգացվում է առաջնակարգ հարձակվողի պակասը: Հանդիպման ավարտին «Միլանը» Սապատայի հարվածից հետո առաջ է անցնում հաշվի մեջ, իսկ Մունտարին մի քանի րոպե հետո ամրապնդում է հաղթանակը: Եթե «Միլանին» նույն «Այաքսը» դիմակայի, ինչը երեկ էր Բարսայի դեմ, միլանցիները կարող են անհանգստանալ «փլեյ-օֆֆի» համար:
‘