‘Չեմ բացառում, որ նախագահական անվտանգության վերահսկած դարպասից կարող են առանց տոմսի մարդիկ մտնել ստադիոն. «Արմոբիլի» տնօրեն’

1296

Կա ստադիոնի միայն մեկ մուտք, որը մենք չենք հսկում: Դա Չարենցի փողոցի կողմի մուտքն է, երբ խաղին ներկա է լինում ՀՀ նախագահը… Երեք հազար մարդ դրսում առանց տոմսի, դարպասների մոտ կանգնած է եղել, մենք ներս չենք թողել»։

Այդ մասին Sport.News.am-ի հետ զրույցում հայտնեց «Արմոբիլ» մասնավոր անվտանգության  ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Կակոսյանը: «Արմոբիլն» իրականացնում է Հայաստանի հավաքականի հանդիպումների անցակետային ծառայությունը։ «Արմոբիլի» աշխատակիցներն են ստուգում տոմսերը եւ ներս թողնում ֆուտբոլասերներին։

«Արդեն վեց տարի մենք աշխատում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, եւ նրանք միշտ մեր ծառայությունից գոհ են եղել: Նրանք միշտ հետեւողական են եղել, առանց մեզ զգուշացնելու հետեւել են մեր աշխատանքին: Երբեւէ դեպք չի գրանցվել, որ առանց տոմսի մենք մարդ ներս թողնենք: Հակառակ դեպքում Ֆեդերացիան այլեւս մեզ հետ չէր աշխատի:

Ոստիկանությունն էլ որպես հասարակական կարգ պահող իր գործն է անում: Կա միայն մեկ մուտք, որը մենք չենք հսկում: Դա Չարենցի փողոցի կողմի մուտքն է, երբ խաղին ներկա է լինում ՀՀ նախագահը: Այդ ժամանակ նախագահական անվտանգությունն է աշխատում այդ հատվածում: Ես չեմ կարող ասել, թե այդ մուտքը ինչպես է շահագործվում: Ես չեմ ասում, որ այդ դարպասից մարդիկ են մտել առանց տոմսի, բայց չեմ բացառում, որ կարող են հենց այդ դարպասից մտնել:

Եթե ֆեդերացիան մեզնից դժգոհ լիներ, նրանք բնականաբար մեր հետ չէին աշխատի եւ փոխհատուցում կպահանջեին: Մենք պարզապես անցագրային կետի դեր ենք կատարում: Մեզ ասել են՝ պաշտպանիչ շերտով տոմս ունեցող մարդկանց ենք թողնում ներս: Կեղծ տոմսեր չեն նկատվել: Չեմ կարծում, որ ֆեդերացիան այդպիսի քայլի գնար: Դա նրա հեղինակության հետ կխաղար:

Անհնար է, որ մեր հսկած անցակետերից առանց տոմսի մարդ մտնի: Մենք կոնկրետ չգիտենք, թե քանի մարդ է տոմսով դուրսը մնացել: Բայց երեք հազար մարդ առանց տոմսի դարպասների մոտ կանգնած է եղել, մենք ներս չենք թողել:

Նախկինում եղել են դեպքեր՝ խաղակեսին հրահանգ է եղել բացել դարպասները եւ մարդկանց ներս թողնել: Այս անգամ այդպիսի բան չի եղել»,- ասաց «Արմոբիլ» ընկերության գլխավոր տնօրեն Վահագն Կակոսյանը:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում տեղի ունեցած Հայաստան — Չեխիա աշխարհի առաջնության ընտրական հանդիպումից առաջ բազմաթիվ մարդիկ տոմսով չեն կարողացել մտնել ստադիոն, քանի որ բոլոր տեղերն արդեն զբաղեցված են եղել։

Նախորդ հոդվածը‘Ավտոբուսների շքերթ՝ Հանրապետության հրապարակում. Մաս II (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բացահայտվել է ԱԺ նկուղում բռնկված հրդեհի պատճառը’