‘«Չենք լռելու». Նախարարի պարգևին արժանացած զինվորը մահամերձ է. նրան հորդորել են ՊՆ-ի վրա հույս չդնել (տեսանյութ)’

774

 «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել: Նախաձեռնությանն է դիմել Ռոմիկ Քոչարյանը, որի որդու մոտ զինծառայության ընթացքում հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն, սակայն պաշտպանության նախարարությունը հրաժարվում է հոգալ բուժման ծախսերը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.  

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Տավուշի մարզի Սև Քար գյուղի բնակիչ Ռոմիկ Քոչարյանը՝ պատմելով իր որդու հիվանդության նկատմամբ ՊՆ-ի կողմից ցուցաբերված խայտառակ վերաբերմունքի մասին: 

Նրա խոսքերով, 1 տարի 10 ամիս բանակում ծառայելուց հետո Նուբարաշենի զորամասի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի մոտ հայտնաբերվել է արյան սուր հիվանդություն: Ընդ որում, ախտորոշումը կատարվել է գրեթե մեկ ամիս ուշացումով՝ հայրենի «արհեստավարժ» բժիշկները այդքան ժամանակ կարծում էին, որ երիտասարդի մոտ դեղնախտ է: 

Այն բանից հետո, երբ բժիշկները հայտնեցին, որ Արթուրի բուժումը հնարավոր է միայն արտերկրում, պաշտպանության նախարարությունը խնդրել էր զինվորի հարազատներին գտնել առավել մատչելի տարբերակը՝ խոստանալով փոխհատուցել բուժումը: Երբ պարզ է դարձել, որ հիվանդության բուժման ամենաէժան տարբերակը Մոսկվայում է և արժե 67000 ԱՄՆ դոլար, ՊՆ-ի ռազմաբժշկական վարչության պետ Ա. Փարսադանյանը և աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը խորհուրդ են տվել հովանավորներ որոնել՝ հորդորելով իրենց վրա հույս դնել ընդամենը 3 միլիոն դրամի չափով: 

«Մեզ փաստացի հույսով արեցին, իսկ երբ եկավ գումարը տրամադրելու պահը, ուղղակի «գցեցին»: Սա՞ է այս երկրի վերաբերմունքն իր զինվորի հանդեպ: «Զինուժով» նայում ենք՝ փառաբանում են: Ամոթ չե՞ք անում, որ այսպիսի խաղաքարտ եք տալիս ադրբեջանցիների ձեռքը: ՊՆ-ի գեներալները հարյուրհազարավոր դոլար արժողությամբ ջիփերով են ման գալիս, իսկ մահամերձ զինվորի բուժման համար գումար չկա՞: Պաշտպանության նախարարն իմ որդուն լավ ծառայության համար ժամացույց էր նվիրել: Քանի՞ գրոշի արժեք ունի այդ ժամացույցն այսօր»,- ասում է մահամերձ զինվորի հայրը «Չենք լռելու»-ի պատրաստած տեսահոլովակում՝ կոչ անելով Սերժ Սարգսյանին, կոռուպցիայի դեմ պայքարից բացի, զբաղվել նաև այս խնդրով: 

Զինվորի մայրը, որպես վերջին միջոց, հազիվ արցունքները զսպելով՝ դիմում է բոլոր բարի մարդկանց՝ իր որդու կյանքը փրկելու հարցում օգնելու խնդրանքով: 

«Չենք լռելու»-ն կոչ է անում պաշտպանության նախարարությանը հոգալ զինվորի բուժման բոլոր ծախսերը՝ հրապարակայնորեն երաշխիքներ տալով Արթուրի հարազատներին: Եթե ոչ բյուջեի, ապա այդ ոլորտում ծաղկող կոռուպցիայից ստացված միջոցների, կամ էլ մատակարարներից պարտք վերցնելու հաշվին: 

Նախաձեռնությունը հետևելու է երիտասարդի ճակատագրին և տեղյակ է պահելու հանրությանը: 

Նախորդ հոդվածը‘«Ժառանգությունն» օրենքի համահավասարություն է պահանջում բոլոր քաղաքացիների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերին գրանցվել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման 1050 դեպք’