‘
Չեչնիայի իշխանությունների ներկայացուցիչը՝ հանրապետության ղեկավարի մամլո քարտուղար Ալվի Կարիմովը, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին հայտարարել է, որ ոչ մի հարսանիք էլ չի եղել» ՆԳ շրջանային բաժանմունքի պետ Նուջուդ Գուչիգովի և 17-ամյա Լուիզա Գոյլաբիևայի միջև:
57-ամյա (այլ տվյալներով՝ 46-ամյա) Գուչիգովի և 17-ամյա Լուիզայի ամուսնության մասին ապրիլի վերջին տեղեկացրել էր «Новая газета»-ն: Ընդ որում՝ լրագրողները պնդում էին, որ աղջիկը չի ուզում ամուսնանալ, նրա ընտանիքը նույնպես կտրականապես դեմ է եղել, սակայն, ի վերջո, համաձայնել է՝ տեղի տալով Գուչիգովի սպառնալիքներին: Բացի այդ՝ լրագրողները նաև պնդում են, որ Գուչիգովն արդեն իսկ ամուսնացած է և ամենևին էլ մտադիր չէ բաժանվել կնոջից՝ նորից ամուսնանալուց առաջ: Այսինքն, փաստորեն՝ ոստիկանը մտադիր է աղջկան դարձնել իր պաշտոնական սիրուհին:
Մայիսին այս միջադեպը մեկնաբանել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը: Նա հայտարարել է, որ անձամբ թույլ է տվել Գոյլաբիևային ամուսնանալ: Սական Կադիրովը չի պարզաբանել՝ Գուչիգովն ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս կարող է ամուսնացած տղամարդը նորից ամուսնանալ՝ չխախտելով երկկնությունն արգելող ռուսաստանյան օրենքը:
Միևնույն ժամանակ Կադիրովը քննադատել է չեչեն լրագրողներին, որոնց աչքից, փաստորեն, վրիպել է «Новая газета»-ի հրապարակումը, և նրանք չեն անդրադարձել դրան իրենց թերթերում: Այդ պատճառով Կադիրովը պաշտոնանկ է արել մամուլի նախարարին:
Նախատեսված հարսանիքի մասին լուրին բավական կոշտ է արձագանքել նախագահին կից մարդու իրավունքների պաշտպան Էլլա Պամֆիլովան, որի խոսքով՝ նման ամուսնությունը «ինչ-որ միջնադարի նշան է», և այն կայանալու դեպքում «բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն Ռուսաստանի Դաշնության օրենքները խախտելու համար»: Փոխանցում է BBC-ն:
‘