‘Չեչնիայի ղեկավարը պաշտպանում է բազմակնությունը’

1042

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պաշտպանում է բազմակնությունը և առաջարկում այն օրինականացնել Ռուսաստանի այն շրջաններում, որտեղ գերազանցապես մուսուլմաններ են բնակվում: Կադիրովի կարծիքով՝ դա անհրաժեշտ է անել, որպեսզի տղամարդիկ սիրուհի չպահեն: 

«Բազմակնությունը շատ լավ է: Իսկ, այ, սիրուհի պահելը վատ բան է»,- հայտարարել է Չեչնիայի ղեկավարը Интерфакс-ին տված հարցազրույցում: Ռամզան Կադիրովը նաև հիշեցրել է, որ միանգամից մի քանի կին ունենալ մուսուլմաններին թույլ է տալիս իսլամը: Եթե առողջությունը թույլ է տալիս, ու դու էլ ապահովված մարդ ես, ապա դա կարելի է անել, կարծում է Չեչնիայի ղեկավարը: Նրա կարծիքով՝ բազմակնությունն անհրաժեշտ է՝ սիրուհիների մասին մեկընդմիշտ մոռանալու համար: Նրանցից տղամարդիկ «մի ամբողջ փունջ խնդիրներ են ունենում՝ թե՛ առողջության հետ կապված, թե ընտանիքում, որտեղ անընդհատ ստիպված են լինում խաբել կնոջն ու երեխաներին»:

Կադիրովի կարծիքով՝ բազմակնությունը կօգնի լուծել նաև երկրում  ժողովրդագրական խնդիրը: Նա պահանջում է բազմակնությունը թույլատրել իր շրջանում, ինչպես նաև՝ Դաղստանում և Ինգուշեթիայում: Նա նաև անդրադարձել է վերջերս մեծ աղմուկ հանած հարսանիքին՝ ոստիկանության պետի և 17-ամյա աղջկա միջև: «Բանն են գտել՝ ողբերգություն սարքելու: Մենք ամուսնություն թույլ չենք տալիս մինչև դպրոցն ավարտելը, ավարտելուց հետո՝ խնդրեմ:»: Կադիրովի խոսքով՝ չեչեն տղամարդիկ ծաղկման հասակին հասնում են քառասունից հետո: Նա պարծեցել է, որ վերջերս 93-ամյա չեչեն տղամարդն ամուսնացել է իրենից երեք անգամ երիտասարդ կնոջ հետ, և նրանք որդի են ունեցել:

Ավելի վաղ մուսուլմանական հանրության ներկայացուցիչների կողմից արդեն առաջարկություն հնչել էր՝ Ռուսաստանում բազմակնություն թույլ տալու վերաբերյալ: Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել այդ առաջարկները: Մինչդեռ անցկացված հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների 87 %-ը բազմակնությունն անթույլատրելի է համարում ռուսների համար: Իսկ 60%-ի կարծիքով՝ դա անթույլատրելի է նույնիսլ իսլամ դավանողների համար: Փոխանցում է echo.msk-ն:

Նախորդ հոդվածը’20-րդ դարի ստրկություն. ՄԱԿ-ի անդրադարձը Հյուսիսային Աֆրիկայից միգրացիայի խնդրին. (Բացառիկ, տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Օլանդն ու իր ընկերուհին առաջին անգամ միասին են հայտնվել հանրության առաջ’