‘
Չեչնիայի հանրապետության խորհրդարանականները պետդումա են ներկայացրել մի օրինագիծ, որը քրեական պատիժ է սահմանում ահաբեկչության մեջ մեղադրվող գրոհայինների հարազատների նկատմամբ:
Օրինագծի հեղինակների մտահղացմամբ՝ պատասխանատվության չափը կախված կլինի «հասարակական անվտանգության դեմ հանցանք գործած անձի ծնողների և ազգականների տեղեկացվածության աստիճանից»:
Ինչպես պարզաբանել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվախա Աբդուռախմանովը, քրեական պատասխանատվության ենթակա կլինեն ահաբեկչություն կատարած անձի ծնողները կամ չափահաս ազգականները, «եթե ապացուցվի համագործակցելու փաստը»: Թե ինչպիսի համագործակցության մասին է խոսքը՝ չի պարզաբանվում:
Ռուսաստանի քրեական օրենսգրքում արդեն օրենք կա՝ «ահաբեկչական գործունեությանը նպաստելու» վերաբերյալ, սակայն չեչեն օրենսդիրներին դա բավարար չի թվում. նրանց առաջարկը, ընդհանուր առմամբ, համահունչ է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի՝ վերջերս արված հայտարարությանը, թե անհրաժեշտ է պատասխանատվություն սահմանել գրոհայինների ընտանիքների համար:
ՌԴ պետդումայում կասկածներ են հնչում օրենսդրության մակարդակով «կոլեկտիվ պատասխանատվություն» սահմանելու վերաբերյալ, իսկ իրավապաշտպանները չեչեն պատգամավորների նախաձեռնությունը որակում են որպես վերադարձ դեպի միջնադար: Փոխանցում է BBC-ն:
‘