‘Չեչնիան պաշտպանել է Ստալինի հուշարձաններն արգելող օրինագիծը’

2025

Չեչնիայի իշխանությունները պաշտպանել են Յարոսլավյան մարզում Իոսիֆ Ստալինի հուշարձաններն արգելող օրինագիծը, հայտնի է դարձել BBC-ին:

2017 թ. մարտին  Յարոսլավյան մարզային դումայի պատգամավորներ Սերգեյ Բալաբաևը և Վասիլի Ցեպենդան օրինագիծ են բերել խորհրդարան, որով առաջարկվում էր մարզի տարածքում արգելել Ստալինի հիշատակի հավերժացումը: «Հավերժացում» ասելով՝ փաստաթուղթը նկատի ուներ արձանների, կիսանդրիների տեղադրում, աշխարհագրական նոր օբյեկտների, տարածքային միավորների, ճանապարհային ցանցի բաղադրիչների անվանակոչում, մամուլում նրա գործունեության հրապարակային գովաբանում և լուսանկարների տեղադրում:

Օրինագծի հեղինակները պարզաբանող գրության մեջ նշել էին, որ Յարոսլավյան մարզում գործել է ուղղիչ-աշխատանքային ճամբար՝ «Վոլգոլագ», որն ընդգրկված է եղել ԳՈՒԼԱԳ-ի կառույցում: «Միայն պաշտոնական տվյալներով՝ մինչև 1936 թ. ճամբարում 19 420 կալանավոր է եղել, հաջորդ տարիներին նրանց թիվը մշտապես աճել է, ուստի անհրաժեշտ է «շրջանային օրենք ընդունել»՝ «բռնակալի և նրա ստեղծած անմարդկային ռեժիմի քաղաքական ռեաբիլիտացիային հակազդելու համար»:

Ռամզան Կադիրովն անցյալ տարի անեծք էր ուղղել Ստալինի և Լավրենտի Բերիայի հասցեին՝ չեչեն ժողովրդի տեղահանության համար: Իր instagram-ում նա գրել էր. «Յոթանասուներկու տարի առաջ Իոսիֆ Ստալինը տեղահանեց չեչեն և ինգուշ ժողովուրդներին: Գործողությունը ղեկավարում էր Լավրենտի Բերիան: Եվ թող երկուսն էլ հավիտյանս անիծյալ լինեն»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Դիսկուրսի ռեսուրսը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի դիվանագետներին ԱՄՆ-ում տուգանք է սպառնում’