‘Չեռնոգորիայի նախագահը մտադիր չէ հրաժարական տալ’

1087

Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը մտադիր չէ հրաժարական տալ՝ չնայած կոռուպցիայի մեղադրանքներին: Համապատասխան հայտարարությամբ պետության ղեկավարը հանդես է եկել ուրբաթ գիշերը TV Prva հեռուստաալիքի եթերում:

«Ես մտադիր չեմ հրաժարական տալ: Ոչ թե՝ որովհետև սիրում եմ իշխանությունը, այլ որովհետև կարծում եմ, որ դա պայքարի շարունակությունն է հանուն այն արժեքների, որոնց համար մենք մարտնչել ենք վերջին քսան տարիներին»,- հայտարարել է Ջուկանովիչը:

Ավելի վաղ Չեռնոգորիայի խոշոր գործարարներից մեկը՝ Դուշկո Կնեժևիչը, որը Atlas Group ընկերության սեփականատերն է, մեղադրվել է կոռուպցիայի մեջ, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Ի պատասխան՝ Կնեժևիչը, որ 90-ական թթ. սկզբից Ջուկանովիչի մերձավոր շրջապատում է եղել, երկրի նախագահին մեղադրել է կոռուպցիայի մեջ և սկսել է ապացույցներ հրապարակել միջոցների ապօրինի օգտագործմանը Ջուկանովիչի մասնակցության մասին:

Միլո Ջուկանովիչը հինգ անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը, ինչպես նաև երկրի նախագահն է եղել 1998-2002 թթ.: 2018 թ. ապրիլին նա կրկին ընտրվել է նախագահի պաշտոնում:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սեմյուել Լիթլի գործը. մարդասպանը պատկերել է իր զոհերի դիմանկարները’
Հաջորդ հոդվածը‘Դրուզն ու Բեռը հեռացվել են հեռուստախաղերի մասնակցությունից’