‘
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը ճանաչվել է պատմության ընթացքում ամենասրամիտ վիրավորանքի հեղինակը: Ինչպես հաղորդում է The Daily Mail թերթը, նման արդյունք է ցույց տվել ամերիկյան սկանդալային դաշնակահար և երգիչ Լիբերաչեի մասին ֆիլմի ստեղծման առիթով կազմակերպված հարցումը: Ըստ այդմ՝ հարցման առաջին տեղը զբաղեցրել է Չերչիլի պատասխանը պատգամավոր Բեսի Բրեդոկի այն դիտարկմանը, թե նա հարբած է: «Թանկագինս, իսկ դուք անճոռնի եք: Բայց ես առավոտյան կսթափվեմ, իսկ դուք այդպես էլ անճոռնի կմնաք»,- ասել է վարչապետը:
Սրամիտ վիրավորանքների շարքում է հայտնվել Չերչիլի մեկ այլ արտահայտություն ևս. կնիքի պահապան լորդը պահանջել է անհապաղ հանդիպում վարչապետի հետ՝ այն ժամանակ, երբ վերջինս զուգարանում նստած է եղել, և Չերչիլը հայտարարել է. « Ասեք նրան, որ ես չեմ կարող միաժամանակ զբաղվել երկու կտոր կղկղանքով»: Այս արտահայտությունը, ըստ հարցման արդյունքների, զբաղեցրել է հինգերորդ տեղը:
Հարցվածները երկրորդ տեղը հատկացրել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որը Ալյասկայի նահանգապետ Սառա Փեյլինի հասցեին ասել էր. «Խոզը մնում է խոզ՝ որքան էլ շրթներկ քսի»: Լիբերաչիի «վիրավորանքը» զբաղեցրել է երրորդ տեղը: Հարցվածներին դուր է եկել նրա մեկնաբանությունը՝ իր հասցեին ջախջախիչ քննադատությանը. «Շնորհակալ եմ այդքան նշանակալի հոդվածի համար: Այն կարդալուց հետո ես մինչև բանկ հասնելը ամբողջ ճանապարհին ծիծաղել եմ»:
Հարցման մասնակիցները նաև նշել են կատակերգակ Գրաուչո Մարքսի արտահայտությունը ինչ-որ կնոջ մասին՝ թե նա իր գեղեցիկ արտաքին տվյալների համար պարտական է պլաստիկ վիրաբույժ հորը: Դերասանուհի և երգչուհի Բեթ Միդլերը նույնպես ցուցակում է՝ «Իշխանուհի Աննան սիրում է բնությունը՝ չնայած այն բանին, թե ինչպես է վարվել նրա հետ» արտահայտությամբ, ինչպես նաև Ֆրենկ Սինատրայի՝ դերասան Ռոբերտ Ռետֆորդի հասցեին ասված հետևյալ խոսքերը. « Համենայն դեպս՝ նա գտել է իր իրական սերը: Ափսոս, որ չի կարող ամուսնանալ ինքն իր հետ»:
Ինչ վերաբերում է Ուինսթոն Չերչիլին, ապա նա հայտնի է որպես համոզիչ և սրամիտ հռետոր: Ընդ որում՝ Բեսի Բրեդոկի հետ տեղի ունեցած միջադեպն ամենևին էլ միակը չէ, երբ նրան հարբած են տեսել: Մասնավորապես՝ բրիտանացիներից շատերը կարծում են, որ Երկրորդ աշխարհամարտում իր նշանավոր ճառերը նա արտասանել է ոչ սթափ վիճակում, փոխանցում է lenta.ru-ն:
‘