ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Սուպերլիգայի մասին՝ հերթական անգամ քննադատելով նախագիծը:
«Թող Սուպերլիգան ստեղծվի, ու այդ մրցաշարին մասնակցեն երկու թիմեր: Մենք չենք խանգարի նրանց, քանի որ ունենք մեր ծրագրերը: Անգլիական մամուլում ուշագրավ նյութ տեսա, որում Սուպերլիգան անվանում էին «զոմբի լիգա»:
Նախագծի հիմնադիրները ամանորին ընդառաջ տոնածառի տակ արկղեր տեսան, սկսեցին տոնել, բայց երբ բացեցին այդ արկղը, տեսան, որ այն դատարկ է, ներսում շատ բան չկա», — Չեֆերինի խոսքն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը որոշում է կայացրել հօգուտ այն ակումբների, որոնք ցանկանում էին կազմավորել Սուպերլիգան: Դատարանը թույլատրել է նախագծի վերակազմավորումը, և ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն իրավունք չունեն արգելելու ակումբներին կազմավորել այնպիսի մրցաշար, ինչպիսին, օրինակ, Սուպերլիգան է: