ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը պատերազմ չեն ցանկանում

108

Դիվանագիտություն, հանգիստ տոն և ոչ մի ագրեսիա՝ այսպես են դիտորդները գնահատել Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

ՉԺՀ առաջնորդը Նյու Յորքում խորհրդաժողովի մասնակիցներին է դիմել տեսակապով և հավաստիացրել է, որ իր երկիրը մտադիր չէ ո՛չ հարձակվել այլ երկրների վրա, ո՛չ էլ հասնել համաշխարհային տիրապետության։

«Երկրների միջև տարբերությունները և խնդիրները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության միջոցով, հիմնվելով հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,- նշել է նա։- Մի երկրի հաջողությունը չպետք է նշանակի մեկ այլ երկրի ձախողում։ Աշխարհը բավական մեծ է՝ բոլոր երկրների զարգացումը և առաջընթացը տեղավորելու համար։ Մենք պետք է ձգտենք երկխոսության և ներգրավվածության, այլ ոչ թե դիմակայության ու մեկուսացման»։

ՉԺՀ առաջնորդի հայտարարությունը հնչել է  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթից ընդամենը մի քանի ժամ անց, որի ընթացքում ամերիկյան առաջնորդը աշխարհին հավաստիացրել է, որ չի ցանկանում նոր սառը պատերազմ հրահրել։

«Մենք պաշտպան կկանգնենք մեր դաշնակիցներին ու բարեկամներին,- խոստացել է Բայդենը։- Մենք կդիմակայենք ավելի ուժեղ երկրների փորձերին՝ իշխելու ավելի թույլերի վրա՝ բռնի տարածքային փոփոխությունների, տնտեսական ճնշումների, տեխնիկական շահագործման կամ ապատեղեկատվության միջոցով։ Բայց մենք, կրկնում եմ, չենք ձգտում նոր սառը պատերազմի, կամ կոշտ դաշինքների բաժանված աշխարհ չենք ուզում»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածը«Տունը բանտ է դարձել»․ Ինչպես են ապրում աֆղանացի կանայք թալիբների օրոք
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի պաշտոնյաներն արձագանքել են Ղրիմի մասին Էրդողանի հայտարարությանը