Չիլիի հյուսիսում հայտնաբերված անհավանական մումիաները

789

Արիկա նավահանգիստը, որ 16-րդ դարում հիմնել են իսպանացիները Չիլիի և Պերուի սահմանին, կառուցվել է Ատակամա անապատի ափամերձ ավազահանքերում՝ աշխարհի ամենաանջուր վայրում։ Բայց դրանից հարյուրամյակներ առաջ այնտեղ բնակվել է հինավուրց չինչորրո ժողովուրդը։

Բացի մասնագետներից՝ քչերն էին դրա մասին լսել, սակայն այս տարվա հուլիսին այդ վայրը հայտնվեց լուրերի վերնագրերում, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ընդգրկեց  Համաշխարհային ժառանգության իր ցուցակում՝ այնտեղ մնացած մի քանի հարյուր մումիաների գերեզմանատեղիների կապակցությամբ։

Չինչորրո ժողովրդի մշակույթը ժամանակակից Չիլիի տարածքում և Պերուի հարավում գոյություն է ունեցել մ․թ․ա 7000-1500 թթ․։ Նրանք նստակյաց են եղել, զբաղվել են որսորդությամբ, ձկնորսությամբ, կավ թրծել չեն իմացել, և ինչպես Ամերիկայի մինչկոլումբոսյան բոլոր բնակիչները՝ անիվ չեն ունեցել։ Դրա փոխարեն՝ նրանք հին եգիպտացիներից առաջ տիրապետել են հանգուցյալների մարմինները զմռսելու արվեստին, ինչպես գիտնականներն են ենթադրում՝ նրանց հուշը պահելու և ողջերի մեջ նրանց ներկայությունն զգալու համար։

Չինչորրո մումիաները 1917 թ․ հայտնաբերել է գերմանացի հետազոտող Մաքս Ուլեն ավազե լողափի պեղումների ժամանակ, բայց հարկավոր է եղել ևս մի քանի տասնամյակ՝ դրանց տարիքը որոշելու համար։ Ռադիոածխածնային հետազոտության տվյալներով՝ այդ մումիաների տարիքը 7 հազար տարուց ավելի է, այսինքն՝ դրանք երկու հազար տարով մեծ են հին եգիպտական մումիաներից։

Տեղացիները մեռած մարմնից հեռացնում էին մաշկը, փոքր ճեղքվածքներ բացելով՝ հանում էին ներքին օրգանները, մնացածը չորացնում էին, ապա մումիայի մեջ չոր խոտ էին լցնում, փայտերով ամրացնում ուղղաձիգ դիրքով, ապա «հագցնում» էին մաշկը և թելերով կարում։ Դրանից հետո մումիայի գլխին սև մազերով կեղծամ էին ամրացնում, դեմքը կավով էին պատում և աչքերի ու քթի համար անցքեր էին բացում կավե դիմակի վրա։ Վերջապես, ամբողջ մումիան ներկում էին վառ կարմիր ու սև ներկերով։

 Զմռսման թե՛ տեխնիկան և թե՛ ինքնին մոտեցումը շատ էին տարբերվում հին եգիպտականից։ Չինչորրոները բուսական յուղ և կտորի փաթաթաններ չէին օգտագործում, իսկ ամենակարևորը՝ զմռսում էին տղամարդկանց, կանանց, երեխաներին ու նույնիսկ չծնված սաղմերը՝ անկախ սոցիալական դրությունից, մինչդեռ Եգիպտոսում նման պատվի էր արժանանում միայն բարձրագույն խավը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըNYT. ԱՄՆ-ը և Ռուսաստանը ծպտյալ բանակցություններ են վարում
Հաջորդ հոդվածըՀուրգադայի հինգաստղանի հյուրանոցում 47 զբոսաշրջիկ է թունավորվել