‘«Չիկագոյում» հերքում են Մովսիսյանի տրանսֆերը գնելու մասին լուրերը’

935

MLS-ի ակումբներից «Չիկագո Ֆայերի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Յալոպը հերքել է ռուսական մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` ամերիկյան ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով: Յալոպն ընդգծել է, որ առաջին անգամ է լսում Մովսիսյանի տրանսֆերը գնելու հավանականության մասին, սակայն նրան լավ ֆուտբոլիստ է համարում:

«Առաջին անգամ եմ այս մասին լսում: Յուրա Մովսիսյանին գիտեմ «Adidas»-ի «Նախագիծ 40»-ից. այդ ժամանակ նա մեզ հետ էր: Մովսիսյանը լավ ֆուտբոլիստ է և իրեն վատ չդրսևորեց այդ լիգայում»,-Յալոպի խոսքը մեջբերված է «Mlssoccer.com»-ից:

Յուրա Մովսիսյանը հանդես է եկել «Քանզաս Սիթիում»`  մեկուկես տարվա ընթացքում մասնակցելով 28 խաղի և խփելով 5 գոլ: 2007 թվականին նա տեղափոխվել է «Ռեալ Սոլտ-Լեյք», որի կազմում անցկացրած 53 խաղում 15 գոլի հեղինակ է դարձել: 2010 թվականի հունվարին Յուրա Մովսիսյանը տեղափոխվեց դանիական «Ռաններս», որից հետո` «Կրասնոդար», ապա` «Սպարտակ»:

Հավելենք, որ «Ռեալ Սոլտ-Լեյքն» ավելի վաղ հաստատել էր այն տեղեկատվությունը, որ Յուրա Մովսիսյանին պայմանագիր են առաջարկել նախքան Եվրոպա տեղափոխությունը, սակայն հայ ֆուտբոլիստը մերժել է:

Նախորդ հոդվածը‘Վիրավոր զինծառայողի գիտակցությունը առկա է, բայց վիճակը ծանր է. Բժիշկ’
Հաջորդ հոդվածը‘Հայրը խոստովանել է, որ կացնով սպանել է որդուն. Ոստիկանություն’