‘Չինաստանում իսկական որս է սկսվել Նոբելյան մրցանակակրի նկատմամբ ‘

752

Չինաստանում իսկական որս է սկսվել գրականության ասպարեզում այս տարվա Նոբելյան մրցանակակիր Մո Յանի նկատմամբ, որը թաքնվում է երկրպագուների և լրագրողների բանակից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Ինչպես այսօր ներկայացրել է տեղական թերթերից մեկը՝ հիմա մշակութային թեմատիկայով մասնագիտացած թղթակիցների և մեկնաբանների շրջանում  ողջույնի փոխարեն իրար հարցնում են.«Մո Յանին գտա՞ր»:

Հենց որ հատնի դարձավ 2012 թ. գրականության Նոբելյան մրցանակակրի անունը,  չինական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները  հեղեղեցին Շանդուն նահանգի փոքրիկ Գաոմի քաղաքը, որտեղ ապրում է Մո Յանը՝ ջանալով հարցազրույց վերցնել «Մեծ կուրծք, լայն հետույք»  և «Գինու երկիր» վեպերի հեղինակից: Այնուհետև նրանք  թափով նետվեցին մայրաքաղաք, որտեղ, իբր, ինչ-որ մեկը տեսել էր Մո Յանին: Հիմա լրագրողների ուշադրությունը դարձյալ սևեռվել է Գաոմիի ուղղությամբ, որտեղ բացվելու է մշակույթի փառատոն, և լրագրողները ենթադրում են, որ այնտեղ կլինի նաև Նոբելյան մրցանակակիրը:

«Մինչ զանգվածային լրատվամիջոցները և ինտերնետի օգտատերերը զբաղված են Մո Յանի փնտրտուքով, հիրավի ուշադրության արժանի իրադարձությունը՝ նրան Նոբելյան մրցանակի արժանացնելը, վերածվել է իսկական կրկեսային ներկայացման : Մամուլի նյութերից շատերը ներխուժում են գրողի անձնական կյանք՝  լուրջ վերլուծության չենթարկելով նրա ստեղծագործությունը: Մո Յանի գրական փառքը նրան «նշանավոր» է դարձրել, և դրանով ոմանք բիզնես են անում»,- գրում է տեղական թերթերից մեկը:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը կառաջադրի թեկնածությունը նախագահական ընտրություններում ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալին թունավորել են ‘