‘Չինաստանում ձերբակալել են հոգևորականի, որն ինքնահրկիզման է դրդում մարդկանց’

678

Չինական Սիչուան նահանգի ոստիկանությունը ձերբակալել է բուդդիստ հոգևորականի՝ տիբեթցիներին ինքնահրկիզման դրդելու մեղադրանքով, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդել է CCTV հեռուստաընկերությունը: Հետաքննության տվյալներով՝ 40-ամյա Լորանգ Կոնչոկը գործել է Դալայ-լամայի հրահանգով և ընդհանուր առմամբ՝ 2009 թ. ի վեր ինքնասպանության է  նախապատրաստել ութ հոգու, որոնցից երեքը զոհվել են: Ոստիկանությունը պնդում է, որ Կոնչոկը գրանցել է հավաքագրված կամավորների անձնական տվյալները, լուսանկարել նրանց և խոստացել նրանց մասին հայտնել Դալայ-լամային: Բացի այդ՝ նա լուսանկարել է ինքնահրկիզման գործողությունը և լուսանկարներն ուղարկել Հնդկաստան, որտեղ աքսորում է գտնվում տիբեթցի բուդդիստների հոգևոր առաջնորդը: Կամավորներից մի քանիսը հարազատների, պաշտոնյաների ու ոստիկանության միջամտությունից հետո հրաժարվել են ինքնահրկիզման ծրագրերից, իսկ նրանցից երկուսը փոխել են բնակության վայրը, որպեսզի խուսափեն Կոնչոկի սպառնալիքներից:

Տիբեթի անկախության կողմնակիցների տվյալներով, որոնք ներկայացնում է Associated Press-ը, ընդհանուր առմամբ՝ 2009 թվականից ինքնահրկիզվել է ավելի քան իննսուն տիբեթցի: Ակտիվիստները պնդում են, որ ինքնասպանները գործել են սեփական կամքով՝ ի նշան բողոքի Պեկինի քաղաքականության դեմ:

Տիբեթի վտարանդի կառավարությունը, որը 1959 թվականից հիմնվել է հնդկական Դհարամսալա քաղաքում, և որը մինչև 2011 թ. ձևականորեն գլխավորում էր Դալայ-լաման, հայտարարում է, որ առնչություն չունի ինքնահրկիզումների հետ:

Նախորդ հոդվածը‘Պատրիս Էվրա. ՊՍԺ տեղափոխվելու համար նախ պետք է սպանել Ֆերգյուսոնին’
Հաջորդ հոդվածը‘Զամբիայում մարդատար ինքնաթիռ է ընկել’