‘Չի բացառվում, որ սա ավելի մեծ գործողության սկիզբ էր՝ ընդդեմ խոշոր բիզնեսի և «օլիգարխիայի» ընդհանրապես’

2327

Հիմա, եթե արդեն մի քիչ ավելի սառն ու օբյեկտիվ մոտենանք, և տժոցը մի կողմ թողնենք, Սերժի երեկվա ելույթին պետք է նայենք ավելի լայն աչքով: Չի բացառվում, որ սա ոչ թե մեկ կոնկրետ խոշոր բիզնեսմենի, և մեկ կոնկրետ քաղաքական լիդերի դեմ ուղղված, այլ ավելի մեծ գործողության սկիզբ էր՝ ընդդեմ խոշոր բիզնեսի և «օլիգարխիայի» ընդհանրապես: Դա, այդպես կոչված, հեղափոխություն վերևից սցենարն է, որի իդեոլոգիան վաղուց հասունացվել է այսպես կոչված «միշիկական մամուլի» ֆլագմանների կողմից: Ո՞րն է իմաստը: Այս սխեման շատ հին է ու ծանոթ: «Բարի» արքան ելնում է ընդդեմ «չար» իշխանների: Հասարակության մի մասը սկզբում ոգևորվում և ողջունում է արքայի գործողությունները, որովհետև վերջինս խոսում է արդարության, օրինականության դիրքերից: Բայց Արքայի նպատակը բնականաբար դա չէ, այլ իշխանական և տնտեսական մենաշնորհի, միակենտրոնության վերջնական հաստատումը: Օրինակները բազմաթիվ են: Ստալինն դա արեց 1936-39 թթ.-ին ՍՍՀՄ-ում՝ լիովին ոչնչացնելով սովետի իշխող վերնախավը, և տեղը բերելով իրեն ամեն ինչով պարտական երիտասարդներին: 37-ին ոչնչացվեց սովետական «օլիգարխիան», և շատերն այն ժամանակ էլ անկեղծորեն ողջունում էին, բայց արդյունքն եղավ Ստալինի քաղաքական մենատիրության բացարձակացումը:

Նույն քաղաքական համակարգն է Ալիևյան Ադրբեջանում, որտեղ նույնպես «օլիգարխիա», այսինքն, համեմատաբար բազմակենտրոնություն չկա: Ինչո՞ւ այդպես: Օլիգարխիայից կա անցում երկու ուղղությամբ, կա՛մ դեպի է՛լ ավելի բազմակենտրոն համակարգ՝ պայմանական կոչենք դա դեմոկրատիա, կա՛մ դեպի է՛լ ավելի կենտրոնացված՝ բռնապետություն: Առաջին հայացքից այդքան առաջադեմ թվացող վերևից իրականացվող հեղափոխություններն ընթանում են հենց երկրորդ ուղով՝ օլիգարխիայից դեպի տիրանիա: Վկա բերված օրինակները: Սա՛ է իրական ընտրության հարցն էսօր, իսկ մնացածը քնարական զեղումներ են, ով ինչ մականուն ունի, ով ինչ կրթություն ունի և այլն: Սրա մասին շատ է գրվել, ես էլ եմ գրել: Երևի այն ժամանակ շատերիդ դա ակտուալ չէր թվում, բայց հիմա գոնե պիտի տեսնենք, թե ո՛ւր է գնում: Էսօր Ծառուկյանի դեմ է գնում, որովհետև նա միակն է խոշոր բիզնեսից, ով ունի նաև քաղաքական կառույց և կշիռ, վաղը կարող է հերթով ռասկուլաչիտ անի մնացածներին, ու շատերդ է՛լ ավելի ուրախանաք, բայց արդյունքը լինելու է հասարակության մեջ համեմատաբար ինքնավար կենտրոնների վերջնական ոչնչացումը:

Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջ

Նախորդ հոդվածը‘Մեսսիի լուսանկարը հաղթել է «World Press Photo» մրցանակաբաշխությունում’
Հաջորդ հոդվածը‘«Կախարդական» գոլ «Բոստոնի» դարպասին (տեսանյութ)’