‘Չի կարելի խարխլել գոյություն չունեցող բանը, կամ ՊԵԿ-ը՝ Գագիկ Խաչատրյանի հեղինակության մասին’

1831

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հերթական ցնցող պարզաբանումն է տարածել, որտեղ ստահոդ են անվանվում այն տեղեկությունները, թե ՊԵԿ նախագահը զբաղվում է բիզնեսով: Հայտարարության մեջ ասվում է.

«Որոշ լրատվամիջոցներ շարունակում են ՊԵԿ նախագահին սեփականություններ վերագրելու գործընթացը: Մոցարտ, գետնանցում, հիմա էլ Կարֆուր, անգամ պարսկական շահին հարիր ունեցվածք

Լեգենդներ հյուսելու և կոմիտեի պարզաբանումներն անտեսելու այս գործելաոճն ակնհայտորեն խրախուսվում է հատուկ «հավաստի աղբյուրների» կողմից: Դեռևս օմբուդսմենի զեկույցին անդրադառնալիս ենք նշել, որ ըստ օրենքի` հարկային և մաքսային ծառայողներն իրավունք չունեն և չեն զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ պաշտոնյաներին սերտորեն փոխկապակցված անձանց նման գործունեությունն օրենքը որևէ կերպ չի արգելում:

Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ, չանսալով պաշտոնական տեղեկատվությանը, շարունակում են ստահոդ լուրեր տարածելով ջրել «ուրիշի» արտը` բնավ ոչ հանրային շահից ելնելով: Միտումն ակներև է. խարխլել կառույցի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը: Մնում է եզրակացնել, որ իրար խառնված աղբյուրների խիստ անհանգստության պատճառը կոմիտեի լավ աշխատանքն է` բյուջեի մուտքերի հաջող ապահովմամբ և արդյունավետ բարեփոխումներով»:

Մեր կողմից անենք մի քանի դիտարկում: Նախ հայտարարության մեջ բացահայտ ասված է, որ ոչ թե ՊԵԿ նախագահն է զբաղվում բիզնեսով, այլ նրան «սերտորեն փոխկապակցված անձինք», քանի որ օրենքը որևէ կերպ դա չի արգելում:  Դա այն շարքից է, որ Լֆիկ Սամոն հայտարարում է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում՝ իր կինն է իրեն պահում: Արդեն, նույնիսկ, մարդու ծիծաղն էլ չի գալիս:  

Հայտարարության մեջ ասված է, որ  որոշ լրատվամիջոցներ ուզում են «խարխլել կառույցի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը»: Եթե ինչ-որ մարդ կամ կազմակերպություն գոնե մեկ անգամ գործ է ունեցել հարկային կամ մաքսային մարմինների հետ կպատմի, որ այդ կառույցում մտածում են ոչ թե հեղինակության, այլ կաշառակերության մասին: Ցանկացած գործարար ամեն ամիս գործ է ունենում կաշառակեր հարկային և մաքսային մարմնի աշխատողի հետ: Բերենք մի օրինակ: Երևան քաղաքի բոլոր խանութները, բացառությամբ խոշոր սուպերմարկետների, չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ: Չեն տրամադրում, որովհետև պարտադրվում են հարկայինի աշխատողների կողմից: Պայմանը հետևյալն է. փոքր կամ միջին խանութի տերը ամսեկան կաշառք է տալիս հարկային աշխատողին  70-ից 100 հազար դրամի սահմաններում և հնարավորություն է ստանում չտրամադրել ՀԴՄ կտրոններ: Բացի այդ, նա տարեկան մեկ անգամ օրինական կերպով տուգանվում է և առանց ՀԴՄ-ի աշխատում է, որքան կամենա: Բայց այստեղ չկան բացառություններ, եթե խանութատերը հրաժարվում է հարկայինի «գործարքից», ապա տուգանվում բոլոր հնարավոր և անհնար խախտումների համար: Այնպես որ տնտեսվարողին ոչինչ չի մնում, քան վճարել կաշառքը: Թե ինչ է կատարվում մաքսայինում, կանրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում: Եվ այս ամենից հետո ՊԵԿ-ը դեռ խոսում է «կառույցի և Գագիկ Խաչատրյանի հեղինակությունը խարխլելու» մասին: Չի կարելի խարխլել մի բան, որը գույություն չունի:

P.S.Գագիկ Խաչատրյանի պաշտոնական եկամուտների եւ գույքի 2011 թվականի հայտարարագրում լրացուցիչ  3 միլիոն դոլար էր հայտնվել: Նշենք նաև, որ որեւէ բիզնես չունեցող ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահին պատկանող ծաղկաձորյան առանձնատունն իր փոքրիկ տնամերձով զբաղեցնում է 14  հեկտար տարածք:

Հարություն Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Գ.Ջհանգիրյանը կոչ է արել խմբակցություններին Մարտի 1-ի հարցով հանձնաժողովում աշխատելու համար միայն իրավաբաններ ուղարկել ‘
Հաջորդ հոդվածը‘Արեն Մանուկյան. Աբսուրդ է Տարոն Մարգարյանից սպասել ինչ-որ փոփոխություն կամ ավելի լավ Երևան’