‘«Չի հաջողվի բոլորին բթացնել այնքան, որ Սերժ Սարգսյանը վերածվի ազգային կուռքի կամ փրկչի» ‘

770

Դե ի՞նչ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, մենակ մնացիք։ Մնացիք անտեր ու լքված։  Հիմա կարող եք դրսեւորվել եւ ինքնադրսեւորվել այնպես, ինչպես ուզում եք, այնքան, որքան ուժ ունեք։

Մնացիք մենակ, մնացիք ձեր Սերժ Սարգսյանի հետ կամ դեմ կամ դեմ դիմաց։ Պարոնա՛յք հեղափոխականներ, ո՞ւր եք։ Խելոք եք, ջահել եք, սիրուն եք, հեղափոխական եք, այն էլ` արեւմտամետ, ո՞ւր եք։ Ասեմ, որ անհամբեր սպասում եմ ձեր բեմելին…

Անուններ չեմ տալու։ Եվ ընդհանրապես, նախագահական «ընտրության» մասին չեմ խոսելու, քանի որ շատ ավելի կարեւոր ու լուրջ գործեր կան։ «Ընտրությունից» հետո կյանքը շարունակվելու է, շարունակվելու է իր բազում խնդիրներով։ Եվ այդ խնդիրները լուծում են պահանջելու։ Իսկ հասարակությունը պահանջելու է, որ ինչ-որ մեկը դրանք լուծի։ Չկասկածեք։ Ողջ Հայաստանը դատարկել չի հաջողվի։ Չի հաջողվի նաեւ բոլորին բթացնել այնքան, որ Սերժ Սարգսյանը վերածվի ազգային կուռքի կամ փրկչի։ Չի ստացվելու։ Խնդիրները բարդանալու են նաեւ այսպես կոչված քաղաքացիական նախաձեռնությունների համար, որովհետեւ սրանք մինչ օրս իշխանության հետ մուկն ու կատու էին խաղում` սպառնալով իրենց ապաքաղաքական պայքարը քաղաքականի վերածել։  Պարզ ասած` սպառնում էին, որ կմիանան ընդդիմությանը, իսկ ավելի պարզ ասած` Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Հիմա Տեր-Պետրոսյանն այլեւս նախագահի թեկնածու չէ։ Չի լինի առաջիկա 5 տարում, եթե երկրում քաոսային վիճակ չստեղծվի։ Ինչո՞վ պիտի սպառնան իշխանությանը այս կամ այն քաղաքացիական պահանջը ներկայացնողները։ Սպառնալիքը, թվում է, չեզոքացել է։ Հիշեցնեմ` մեկ-երկու քաղաքացիական հաջողություն գրանցեցին, որովհետեւ այն կար, դամոկլյան սրի նման կախված էր ՀՀԿ-ականների գլխին։ Հիմա ի՞նչ հաջողություն են ունենալու։ Հարցը, անշուշտ, հռետորական է։

Ստացվեց, որ չարախնդում եմ։ Ո՛չ։ Ուղղակի ցավում եմ մեր երկրում իշխող աննորմալ մանրախնդրության համար։ Եվ աննորմալ ատելության ու սիրո։ Հերիք է։ Իսկ Տեր-Պետրոսյանը ոչ մի տեղ էլ չի հեռանում։ Նա ուղղակի չի ուզում նախագահի թեկնածու լինել։ Եվ եթե անգամ լռի, խոսելու է։ Խոսելու է. որովհետեւ դուք եք խոսեցնելու։ Չեք ազատվելու ո՛չ այդ կերպարի ներկայությունից, ո՛չ ձեր բարդույթներից։

Իսկ ՀՀԿ-ն իբր ցնծում է։ Իբր հումորով են տղերքը, իբր սուր բաներ են ասում` է՛լ ընկնող աստղ, է՛լ պատվանդան։ Ավելի լավ է իրենց շեֆի մասին մտածեն, որի անկումը, իսկական անկումը ցավոտ ու դառն է լինելու։ Լինելու է անփառունակ ու խեղճ։ Միայն թե երկիրն է ափսոս։ Երկրի մասին էլ մենք պիտի մտածենք։ Չենք կարող թույլ տալ, որ սրանց պատճառով անհիշատակ կորչի 20-րդ դարի մեր միակ, բայց բարձրագույն նվաճումը` անկախ պետականությունը։  «Ընտրությունից» հետո հենց այս խնդիրն է դառնալու ամենաէականը։

Եվ ՀՀԿ-ն ձեւացնում է, որ ցնծում է։ Թեպետ ոմանք գուցե եւ իսկապես ցնծում են` անգիտության մեջ թաղված։ Իսկ իրենց շեֆը` Սերժ Սարգսյանը, բնավ էլ չպիտի ցնծա։ «Դրսին» հիմա չի կարող շանտաժ անել, թե ընդդիմությունը իրեն կհոշոտի հայ- թուրքական հաշտեցման համար, «ներսին» չի կարող ուղղորդել` հիշեցնելով «մթի ու ցրտի» տարիները եւ սպառնալով, որ Տեր-Պետրոսյանի` իշխանության գալու դեպքում նույնը կկրկնվի։ Ի՞նչ է անելու։ Պատասխան պիտի տա։

Գիտեմ` նոր լիդերներն արագ «չեն առաջանում», այն էլ խոշոր լիդերները։ Բայց գործընթացը պիտի մի օր սկսվեր։ Սա սկիզբ համարենք։ Միայն մի մտավախություն ունեմ։ Նորերը փորձելու են նմանակել ամենավառ անհատին։ Իսկ նմանակումից ոչ մի լավ բան չի ստացվելու։ Նմանակելը մի բան է, դասեր քաղելը` բոլորովին այլ։ 2007 թվականից հինգ տարի է անցել։ Հինգ տարում ինչ ասես տեսանք։ Հաճախ, շատ հաճախ Սերժ Սարգսյանի «հաղթանակը» օբյեկտիվորեն կապեցինք մարտի մեկի սպանությունների հետ։ Բայց այդ «հաղթանակը» եւս մեկ կարեւոր հիմք ունի։ Արժեքներն են։ Մեր փնթփնթան հասարակության հիմնական արժեքը նյութը դարձավ։ Բնավ դեմ չեմ նորմալ մարդկանց` բարեկեցության ձգտելու նորմալ ցանկությանը։ Բայց միայն նյութը չէ, որ ստեղծում է այդ բարեկեցությունը։ Բայց ինչպե՞ս է այն ձեռք բերվում։ Կարեւոր է հենց այս «ինչպես»-ը։ Ու եթե բարեկեցության հասնելու հիմնական միջոցը կոռուպցիան է, իշխանազանցությունը, այսինքն պարզ քրեական հանցագործությունը, ուրեմն հասարակության արժեհամակարգն առնվազն հիվանդ է։ Դիտավորյալ չեմ խոսում «բարձր մատերիայից», որովհետեւ ոչ թե վախենում եմ ռոմանտիկ երեւալուց, այլ կարծում եմ, որ մեր անհաջողությունների հիմքում մեր խաթարված պատկերացումն է օրենքի եւ օրինականության մասին, ինչից էլ մեծ հաջողությամբ օգտվում է Սերժ Սարգսյանը։ Զուր չէ, որ նրա ագիտպրոպը տարիներ շարունակ ծաղրում էր իշխանափոխություն անելու սահմանադրական ճանապարհի մասին հայտարարությունները։ Զուր չէ, որ Սահմանադրությունն ամեն օր ոտնահարող ռեժիմը հասարակությանը փչացնելու ոչ միայն քարոզչական մեթոդներ է կիրառում, այլեւ նյութական։

Մի խոսքով` ավգյան ախոռները դեռ շատ կեղտոտ են, ահագին գործ կա։

Սակայն առայժմ կհետեւենք նախագահական  «ընտրությանը»` առանց զգացմունքային շոկի, որովհետեւ ֆարս դիտելիս մարդիկ ծիծաղում են։

Զ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, «Չորրորդ ինքնիշխանություն»   

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի տարվա լավագույն 11-ը՝ ըստ iLur.am-ի ‘
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդինյոն ընդդեմ այլմոլորակայինների’