‘ՉԻ. Սերժ Սարգսյանը կոչ չի անում, բայց «համայն հայությունը» պետք է գումար տա ‘

1261

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան հեռուստամարաթոնն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 22-ին` Գոհաբանության օրը, «Մեր գյուղը» խորագրի ներքո: Հեռուստամարաթոնին, ինչպես միշտ, կնախորդի Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ավանդաբար կազմակերպովեղ հեռախոսամարաթոնը, որն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-18-ը: Բացի դա, «Հեռուստամարաթոն 2012» դրամահավաքի շրջանակներում Հայաստանի եւ Ղարաբաղի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10%-ը կուղղվի սիրիահայերի հրատապ կարիքներին: Այսինքն, նոյեմբերի 22-ին հայտարարված գումարների 10%-ը կօգտագործվի Հայաստանում հանգրվանած սիրահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով: Փաստորեն, այս մասին էր ակնարկում Սերժ Սարգսյանը, երբ շաբաթ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցելով Թեմական ներկայացուցչական ժողովին` իր ելույթում խոսում էր սիրիահայերի մասին:

«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք կոչ չենք անում մեր սիրիահայ եղբայրներին լքել Սիրիան: Սիրիայի հայկական գաղթօջախը պատմականորեն ձևավորված, ամուր ու կենսունակ համայնքներից է, և մենք հույս ունենք, որ գալու են խաղաղ օրեր Սիրիայի ողջ ժողովրդի և նրա հայ քաղաքացիների համար: Համայն հայությունը, այդ թվում և Հայաստան պետությունը, պետք է օգնեն նրանց, ովքեր մնում են Սիրիայում՝ պահպանելու հայկական օջախը: Մյուս կողմից մենք ասում ենք, որ եթե մարդը, այնուամենայնիվ, որոշել է արտագաղթել Սիրիայից, ապա գերադասելի է, որ նա գա Հայաստան: Այս դեպքում ևս համայն հայությունը, այդ թվում և Հայաստանը, պետք է օգնեն նրան հաստատվելու և նոր արմատներ գցելու հայրենիքում»,- ասել էր Սարգսյանը: Այսպիսով, Սարգսյանը սիրիահայերի կարիքները հոգալու խնդիրը իր իշխանության ուսերից հանում եւ գցում է համայն հայության վրա: Ավելին, այդ նպատակի համար, արդեն կոնկրետ օր է նշանակվել` նոյեմբերի 22-ը: Իհարկե, այն, որ համայն հայությունը կարող է կամ պետք է դերակատարություն ունենա այդ հարցում, կասկածից վեր է: Անտրամաբանականը, սակայն, այստեղ, Սերժ Սարգսյանի պահվածքն է: Եւ ի դեպ, եթե Սերժ Սարգսյանը կոչ չի անում սիրիահայերին լքել Սիրիան, որտեղ թեժ պատերազմական գործողություններ են ընթանում եւ որտեղ արդեն 40-ից ավելի հայ է մահացել, ապա ի՞նչ իմաստ ունի նրանց օգնելու համար անհրաժեշտ գումարները հավաքել հեռուստամարաթոնի շրջանակներում: Եթե դա համայն հայության խնդիրն է, եւ ոչ թե առաջին հերթին Հայաստանի իշխանությունների խնդիրը, ապա համայն հայությունն այդ օգնությունը տեղ հասցնելու հազար ու մի ձեւ կգտնի: Թե՞ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններից առաջ PR է պետք, եւ մի քիչ էլ ատկատ: 

«Չորրորդ Ինքնիշխանություն»

Նախորդ հոդվածը‘Ալեքսիս Սանչեսը սպառում է Բարսայում իր վստահության կրեդիտը’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ են իշխանությունները վախենում Կոնգրեսի ու ԲՀԿ-ի փողոց դուրս գալուց’