Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» արտագնա խաղում մրցեց ռումինական «Կլուժի» հետ: Հիմնական ու լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: 11 մետրանոց հարվածաշարերում ավելի դիպուկ էին Փյունիկի ֆուտբոլիստները:
Առաջին խաղակեսն անցավ ռումինական թիմի բացահայտ առավելությամբ: Խաղասկզբում տանտերերը կարողացան բացել հաշիվը: 6-րդ րոպեին Բոատենգի գլխի հարվածից հետո գնդակը հայտնվեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասում: 25-րդ րոպեին երևանյան թիմի դարպասի մոտ իսկական խառնաշփոթ էր, գնդակը հայտնվեց Յուրչենկոյի դարպասում, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս վիճակ:
Երկրորդ խաղակեսի սկզբում նույն պատկերն էր: Ավելի ակտիվ էին տանտերերը: Խաղակեսի երկրորդ հատվածում երևանյան թիմն ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն թիմի գործողություններում պակասում էր սրությունը:
Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ, անկյունայինի խաղարկումից հետո Զորան Գայիչը հավասարեցրեց հաշիվը և խաղը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի 4-րդ րոպեին Պետրիլան առաջ մղեց իր թիմին: Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի սկզբում Հայաստանի չեմպիոնը վաստակեց 11 մետրանոցի իրավունք, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո մրցակցի դարպասապահը տիրեց գնդակին: 119-րդ րոպեին Հարությունյանը հեռվից հարված կատարեց, մրցակցի դարպասապահը հետ մղեց այն, իսկ վրա հասած Արթուր Ավագյանը փոխանցում կատարեց Գայիչին, որը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը:
11 մետրանոց հարվածաշարերում Դավիդ Յուրչենկոն երկու հարված հետ մղեց, ինչի շնորհիվ Հայաստանի չեմպիոնը դուրս եկավ ՉԼ որակավորման 2-րդ փուլ: Հաջորդ փուլում «Փյունիկը» կհանդիպի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ, որն առաջին փուլում հաղթահարեց ալբանական «Տիրանայի» արգելքը` հաղթելով երկու խաղերում 1-0 և 2-1 հաշվով։
Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան խաղ
«Կլուժ» (Ռումինիա) — «Փյունիկ» (Հայաստան)՝ 2։2, 11մ՝ 3:4 (հիմնական ժամանակ՝ 1:1), (առաջին խաղ՝ 0:0)
Բիսմարկ Անջեյ-Բոատենգ, 6, Կլաուդիու Պետրիլա, 94 — Զորան Գայիչ, 89, 119