‘ՉԼ 1/8-րդ եզրափակիչ. «Մանչեստեր Սիթի» — «Բարսելոնա», «Բայեր Լևերկուզեն» — ՊՍԺ’

1083

Չնայած այն փաստին, որ ամռանը տեղի է ունենալու մի իրադարձություն, որով կտարվեն ոչ միայն ֆուտբոլասերները և որի դիտումները կգրանցեն նոր ռեկորդային թվեր, ՉԼ-ի յուրաքանչյուր խաղարկությունը իր կարևորությամբ արդեն մոտենում է «Մունդիալին»: Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը վերադառնում է և հավակնում է այնքան լավը լինել, որքան նախորդ տարում էր: 1/8-րդ եզրափակչում կան այնպիսի զույգեր, ինչպիսին են «Արսենալ» — «Բավարիան» և «Սիթի» — «Բարսելոնան», հենց որից էլ կմեկնարկի «փլեյ-օֆֆ» փուլը:

«Մանչեստեր Սիթի» — «Բարսելոնա»

Ժամը 23:45՝ «Էտիհադ Ստեդյում»

Անցյալ տարվա կիսաեզրափակչում ստանալով իր պատմության ամենահիշարժան ապտակներից մեկը` Բարսան այդքան էլ մեծ փոփոխություններ չիրականացրեց: Համենայն դեպս, տեղի չունեցավ այն, ինչի մասին ակնարկում էին, օրինակ, Պիկեն և Ինյեստան. երկու խաղացողներն էլ «Բավարիայից» երկու խաղերում կրած ընդհանուր 0-7 հաշվով պարտությունից հետո պնդում էին, որ «թիմում անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ, որպեսզի նրանք շարունակեն մրցունակ լինել: Փոխվեց գլխավոր մարզիչը, ակումբ եկավ Նեյմարը, որի վրա ծախսված գումարները թույլ չտվեցին ձեռք բերել այդքան անհրաժեշտ կենրոնական պաշտպանի, իսկ ինքը` բրազիլացու տրանսֆերը, վերջ ի վերջո հանգեցրեց ակումբի նախագահ՝ Սանդրո Ռոսելի հրաժարականին: Այս Բարսայի մասին երեկ Մոուրինյոն կարծիք հայտնեց, որ «այն վատագույնն է վերջին տարիների ընթացքում և դա հնարավորություն է տալիս «Սիթիին» պայքարել նրանց դեմ»:

Իսկ ինչ է փոխվել «Սիթիում»՝ մի թիմում, որը մի քանի մրցաշրջան տառապում էր Մանչինիի ձեռքերում և որը ունակ չէր հաղթահարել ՉԼ-ի նույնիսկ խմբային փուլը: Այստեղ պարզապես եկան այն նույն անձիք, որոնք կառուցել են ներկայիս Բարսան: Չիկի Բեգիրիստայնն ու Ֆերրան Սորիանոն իրենց հետ բերեցին մի քանի իսպանացիների, նրանց համապատասխան մասնագետ, և արդյունքում ստացան թիմ, որը շատերի կարծիքով համարվում է ոչ միայն այս զույգի այլև ՉԼ-ի հաղթողի գլխավոր ֆավորիտ, զիջելով երևի թե միայն «Բավարիային», որին այս մրցաշրջանում միայն իրենք են կարողացել հաղթել:

Թվում է, որ «Էտիհադում» տեղի ունենալիքը դժվար թե հստակ որոշի, թե ով է դուրս գալու հաջորդ փուլ: Այն ավելի շուտ կարող է ընգծել ֆավորիտին և որոշակիացնել, թե որ թիմն էր մինչ այս պահը ճիշտ ուղու վրա: Երկու թիմերն էլ մինչ տոները և նաև դրանից հետո գտնվում էին լավ մարզավիճակում, ինչն ընդհատվեց «Սիթիի» մոտ ծանր խաղացանկի, իսկ կատալոնցիների մոտ` պարզապես ցանկության բացակայության պատճառով. «Վալենսիայի» և «Սոսյեդադի» դեմ առաջին խաղերում նրանք իրապես ցույց էին տալիս վերջին տարիների իրենց ամենավատ ֆուտբոլը:

Որքան էլ որ Պելեգրինին պնդի, որ իրենք Տատայի թիմի հետ դաշտում խոսելու են «դու»-ով և որ փորձելու են վիճարկել գնդակին տիրելու առավելությունը, պարզ է, որ «քաղաքայինները» առավելապես փորձելու են «Բավարիայի» օրինակով բարձր պրեսինգի կիրառմամբ տիրել դաշտի կենտրոնին և օգտագործել հակագրոհներն ու երկրորդ հարկում առավելությունը: Ինչ վերաբերվում է Տատային, ապա արգենտինացին վերջին մարզումների ընթացքում փորձարկում է Չավի-Ինյեստա-Սեսկ եռյակով տարբերակը` հրաժարվելով Նեյմարից և Պեդրոյից: Պարզ է, որ այն միտված է լինելու ավելի շատ գնդակ պահելուն, ինչի ձախողումը կարող է նույնպիսի ավարտ ապահովել, ինչպիսին «Բավարիայի» դեմ խաղում էր: Սպասվող ամենակարևոր հակամարտությունն էլ կարելի է համարել Բուսկետս-Յայա Տուրե մենամարտը, որը մեծապես կարող է կանխորոշել հաղթողին: Կատալոնացին, մեղմ ասած, ոչ լավ մարզավիճակում է և իվուարցին և ֆիզիկական որակների շնորհիվ կարող է քանդել ամբողջ Բարսայի կենտրոնը: Այս պարագայում հետաքրքիր կարող էր թվալ Տատայի կողմից Սոնգին խաղադաշտ դուրս բերելը, բայց նա դեռևս այն դիրքը չունի թիմի ներսում` «սուրբ» «4-3-3-ից» «4-2-1-3-ի» անցնելու: Մնացած դիրքերում Պելեգրինին վերականգնել է Խավի Գարսիային և Ֆերնանդինյոյին, որոնք կփորձեն ապահովել Մեսսիի` ավելի խորք տեղափոխվելը, ինչը առանց հստակ ընդգծված եզրայինի՝ Պեդրո, Տելյո, այդքան էլ արդյունավետ չէ:

Կարևորը, որ երկու թիմերն էլ սիրում են ֆուտբոլը և ունակ են էպիկական երեկո պարգևելու:

Հավանական մեկնարկային կազմերը

«Մանչեստեր Սիթի»: Հարտ; Սաբալետա, Կոմպանի, Դեմիկելիս, Կոլարով; Խավի Գարսիա, Ֆերնանդինյո, Յայա Տուրե; Նասրի, Սիլվա, Նեգրեդո:

«Բարսելոնա»: Վալդես; Ալվես, Պիկե, Մասչերանո, Ալբա; Բուսկետս, Չավի, Սեսկ; Ինյեստա, Ալեքսիս, Մեսսի:

«Բայեր Լևերկուզեն» — ՊՍԺ

Ժամը 23:45՝ «ԲայԱրենա»

Այս զույգը կարող է համարվել այն դասական օրինակներից, որին անդրադառնում են միայն այն դեպքում, եթե անակնկալ է տեղի ունենում կամ գոնե նշմարվում է դրա հավանականությունը: Լևերկուզենցիները ներքին առաջնությունում, օգտվելով «Բորուսիայի» ոչ ստաբիլ վիճակից, փորձում են հիմնավորվել երկրորդ հորիզոնականում և թիմ ստեղծել հաջորդ տարիների համար: ՉԼ-ում ոչ ամենաբարդ խմբից 1/8-րդ եզրափակիչ հասնելը կարող է հաջողություն համարվել, սակայն «Յունայթեդի» դեմ տնային խաղը հստակ ցույց տվեց այն, որ «Բայերը» պատրաստ չէ լուրջ հավակնություններ ունենալ «փլեյ-օֆֆում», թեև 2010-ին «Շալկեն» ցույց տվեց, թե ինչպես կարելի հայտնվել ՉԼ-ի կիսաեզրափակչում, դրա ճանապարհի բոլոր դիմակայություններում համարվելով ետնապահ:

Ինչ վերաբերվում է ՊՍԺ-ին, ապա Բլանի թիմը կիսաեզրափակիչը համարում է այն մինիմալը, որին նրանք այս մրցաշրջանում պետք է հասնեն և «Բայերի» հետ դիմակայությունը բոլոր առումներով համարվում է անցումային», թեպետ այդ ընկալումն ու Կավանիի բացակայությունը կարող են վատ անդրադառնալ հանդիպման արդյունքի վրա, որը նրանք ամեն դեպքում պետք է կարողունակ լինեն փոխել պատասխան խաղում:

Հավանական նեկնարկային կազմերը

«Բայեր Լևերկուզեն» Լենո; Հիլբերտ, Տոպրակ, Սպահիչ, Բոենիշ;  Ռեյնարց, Ռոլֆ, Բենդեր; Կաստրո, Սիդնեյ Սեմ, Կիսլինգ:

ՊՍԺ Սիրիգու; Վան Դեր Վիլ, Ալեքս, Տյագո Սիլվա, Մաքսվել; Մոտտա, Վերատտի, Մատուիդի; Լավեսի, Լուկաս Մոուրա, Իբրահիմովիչ:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Ապրել մինչեւ ապրիլ եւ հավերժող բյուր գարուններ ‘
Հաջորդ հոդվածը‘Ջեւյմս Ուորլիքը մեկնում է Անկարա` Թուրքիայի դիրքորոշմանը ծանոթանալու’