‘Չծառայածների հատուկ գունդը կազատագրի Նախիջեւանը’

8098

«Չնայած հայկական կողմի հավատարմությանը խաղաղությանը` Ադրբեջանի` նման ռազմավարության շարունակման դեպքում Հայաստանը կարող է փոխել իր «բարեհաճությունը» Նախիջևանի հանդեպ և վերջինիս տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցություն ապահովել Իրանի հետ»:

Նախօրեին նման սենսացիոն հայտարարություն է արել ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ու մինչ Սահակյանը սպառնում էր ազատագրել կամ գրավել Նախիջևանը, սահմանային դիրքեր է այցելել Տարոն Մարգարյանը, որին, ուշադրություն, սպան դիմավորել էր «պատիվ տալով»: Միաժամանակ, Քարվաճառի շրջանում տեղի ունեցած դիվերսիայի ֆոնին` նորից ակտիվացել են մեծամասամբ բանակում չծառայած, բայց համակարգչի մոտից՝ PR-ի խաթեր կատու ու ազերի ճղող իշխանական ու պրոիշխանական ջահելները: Մեկը Բաքուն է սպառնում գրավել, մյուսը՝ Նախիջևանը, երրորդն ասում է, թե փոքրածավալի դեպքում չէ, բայց լայնածավալ պատերազմի ժամանակ գնալու է ճակատ ու ազերիների բմբուլները քամուն տա, չորրորդն էլ գնում և սահմանին զօրուգիշեր կանգնած շարքայինների ու սպաների ֆոնին սելֆի է անում, և նկարները տեղադրում իր պաշտոնական կայքում: Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում, Զինված ուժերին զուգահեռ, մի նոր աշխարհազոր է ձևավորվել, մի նոր հատուկ գունդ, որտեղ կամավոր զորագրվել են հիմանակում նրանք, ովքեր նույնիսկ օրենքով պարտադիր համարվող զինվորական ծառայություն չեն անցել: Դե հիմա տղերքը էն ժամանակ խակ են եղել, մտածել են, թե հայրենիքին ծառայելը հարիֆների գործն է, իսկ իրենք քանի որ շուստրի են, պետք է խուսափեն բանակից: Բայց դա` միայն նախկին իշխանությունների ժամանակ: Իսկ ահա երբ իշխանության գլուխ եկավ Սերժ Սարգսյանը, բոլորի մոտ պոռթկաց ռազմահայրենասիրական ոգին, բոլոր ջահել հանրապետականներն ու մերձհանրապետականները զղջացին, արագացված կարգով ինքնախարազանման կուրսեր անցան, դարձան թունդ հայրենասեր, և նույնիսկ նրանք, ովքեր Ղարաբաղի անունն անգամ չէին ցանկանում լսել, դարձան թունդ Ղարաբաղամոլներ, և ժամում 15 ստատուս արագությամբ սկսեցին Ֆեյսբուքում գրել այն մասին, թե ռազմական որ գործողության ժամանակ ինչ դիրքով կցանկանային զոհվել հանուն հայրենիքի:

Զորագունդն այս, ուրեմն, կամաց-կամաց համալրվում է նորանոր կամավորներով. է՛լ Շարամզանով, է՛լ Աշոտյան, է՛լ Կարեն Ավագյան, է՛լ Հովհաննես Սահակյան, է՛լ Տարոն Մարգարյան, մի խոսքով՝ երիտհանրապետականների ողջ սերուցքն ու նույնիսկ բանակից խույս (կարդալ մեկ շնչով՝ առանց գաղտնավանկի :D) տված երկու խմբագիր: Աշխարհազորն այս, ասում են՝ գիշերները դիվերսիոն  գործողություններ է իրականացնում, շաբաթը առնվազն մեկ անգամ հատում է Ղարաբաղա-ադրբեջանական ու Հայաստանա-ադրբեջանական սահմանը, նույնիսկ մի 5 անգամ գիշերը մտել է Ռամիլ Սաֆարովի բնակարանը, նրա մահճակալի մոտ սարսափազդու նկարներ տեղադրել՝ Սերժ Սարգսյանի և Խաչիկ Ասրյանի տեսքով, և Սաֆարովին արդեն գրեթե հասցրել է կաթվածի: Ավելին, ասում են՝ այս ռազմահայրենասիրական հատուկ գունդը արդեն երկու անգամ ներթափանցել է Իլհամ Ալիևի պալատները և պատրաստվում է իրենց կողմից Բաքուն գրավելու օրը վերջինիս գերի վերցնելու օպերացիա իրականացնել: Ւսկ մինչ այդ բանակից փախած ջահելների հատուկ զորագունդը պետք է ազատագրի Նախիջևանը, և աշխարհից թաքուն երկաթուղային հաղորդակցություն իրականացնի Իրանի հետ: Իսկ Հայաստանի քաղաքացիներն այդ ընթացքում վերջապես հանգիստ քուն կմտնեն, քանի որ վերջապես իրականացել է բոլորի թաքուն երազանքը, վերջապես Բաքուն կամ Նախիջևանը ժամանակին չգրավելու մեջ նախկին իշխանություններին մեղադրողները խոսքից կանցնեն գործի, կգրավեն Բաքուն, կազատագրեն Նախիջևանը, Կասպիականից Սևան ջրագիծ կանցկացնեն, որով հետո կոռոգեն Արարատյան դաշտավայրերը, հետո ավտոները կամ, ավելի ճիշտ՝ մինի տանկերը կքշեն Թուրքիա, Ստամբուլը կդարձնեն արյան ծով, հետո մի փոքր հանգիստ կառնեն Անթալիայի ափերում՝ հայկական հետքը թողնելով բոլոր քյաբաբնոցներում, և միայն այդ ամենից հետո Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո զուռնա-դհոլով կգան Հայաստան: Ձեռի հետ էլ ցույց կտան պատերազմի մասնակից ազատամարտիկներին ու բանակում ծառայած ու ծառայող զինվորներին, թե ով է իրական հայրենասերը:

Հ.Գ. Այս բլից-կրիգի ընթացքում, հուրախություն բոլոր ընթերցողների, ոչ մի բանակից փախած երիտասարդ գործիչ, և  հատկապես՝ ոչ մի խմբագիր չի զոհվի, զի բոլորը կլինեն Ռեմբոների նման. գնդակները հազարներով կգան նրանց ուղղությամբ, բայց չեն խոցի, ականները նրանց ոտքերի տակ չեն պայթի, տանկերը չեն կարողանա կրակել նրանց ուղղությամբ, իսկ ռազմական օդանավերն էլ նրանք ճկույթի մի շարժումով օդում կխփեն:

Հ.Հ.Գ. Աստված առողջություն ու համբերություն տա սահմանը պահող զինվորներին, բանակից ճողոպրած պաշտոնյաներից հեռու պահի, մինչև որ սրանց իշխանությունից իզով-թոզով կհեռացնենք, ու բանակում ծառայող շարքային տղաներին հնարավորություն կտանք վերջապես հպարտությամբ կանգնել սահմանին, և երբե՛ք ու երբե՛ք մեջքով չշրջվել դեպի հակառակորդն ու զենք չվերցնել ու չկանգնել սեփական ժողովրդին դեմ-հանդիման:

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի գործունեության վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան’