‘Չնայած սպառնալիքներին, Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆը վերադարձել է հայրենիք’

623

Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆը 2008 թ. նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ կիրակի օրը ժամանել է Կարաչի, հաղորդում են պակիստանյան ԶԼՄ-ները:

Մուշարաֆը ժամանել է Դուբայից: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ տեղյակ է պակիստանյան թալիբների կողմից իրեն ուղղված սպառնալիքներին: Նաև հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն իրեն խորհուրդ են տվել չվերադառնալ հայրենիք՝ անվտանգության նկատառումներով:

Գեներալը, որը «Համապակիստանյան մահմեդական լիգա» կուսակցության ղեկավարն է, մտադիր է մասնակցել մայիսի 11-ին նշանակված ընդհանուր ընտրություններին:

Անցյալ շաբաթ պակիստանյան Սինդ նահանգի գերագույն դատարանը Մուշարաֆին հնարավորություն տվեց գրավ մուծել և այդպիսով, Պակիստան վերադառնալու դեպքում՝ խուսափել ձերբակալությունից: Գրավի գումարը մոտավորապես 3 հազար դոլար էր: Հայցը դատարան էր ներկայացրել գեներալի դուստրը:

Մուշարաֆը մեղադրվում է 2007 թ. նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի, 2006 թ. Բելուջիստան նահանգի ազգայնականների ռաջնորդ Աքբար Բուհտիի սպանությունների և 2007 թ. երկրում արտակարգ վիճակ հայտարարելու ընթացքում գերագույն դատարանի դատավորներին ձերբակալելու համար:

Մուշարաֆը Պակիստանում իշխանության էր եկել 1999 թ.: 2008 թ. նա ստիպված էր լքել նախագահի պաշտոնը: Նույն թվականին էլ  հեռացել էր երկրից և բնակություն հասատել Լոնդոնում, տեղեկացնում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը կասկածելի ոչնիչ չի գտել Բորիս Բերեզովսկու տանը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Սիրունյանի վրա ճնշումնե՞ր են գործադրել’