‘Պակիստանի նախկին նախագահին սպանության մեղադրանք է ներկայացվել’

797

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել 2007 թ. ընդդիմության առաջնորդ Բենազիր Բհուտոյի սպանության գործով, այսօր հաղորդել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով դատախազության հայտարարությանը:

Մուշարաֆը մեղադրվում է երեք կետով՝ սպանություն, սպանության նպատակով հանցավոր համաձայնության գալը և սպանությանը օժանդակելը: Եթե դատարանը նախկին նախագահին ամբողջությամբ մեղավոր ճանաչի, ապա նրան մահապատիժ կամ ցմահ բանտարկություն է սպասվում:

Փերվեզ Մուշարաֆը Պակիստանը ղեկավարել է 1999-2008 թթ.: Մուշարաֆը, որն զբաղեցնում էր բանակի հրամանատարի պաշտոնը, իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման արդյունքում: Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն, որն ընդդիմության առաջնորդներից մեկն էր, սպանվեց 2007 թ. նախընտրական հանրահավաքի ժամանակ կատարված ահաբեկչական գործողության արդյունքում: Ընդդիմությունը Բհուտոյի սպանության մեջ մեղադրեց Մուշարաֆին, սակայն վերջինս հերքում էր իր առնչությունը նախկին վարչապետի սպանությանը: 2008 թ. Մուշարաֆը, որին հրաժարական էր սպառնում, հեռացավ Պակիստանից և ժամանակավորապես բնակություն հաստատեց Լոնդոնում: Պակիստանի նոր իշխանությունները քրեական գործ հարուցեցին նախկին նախագահի դեմ, այդ թվում՝ Բհուտոյի սպանության հետ կապված, և ապարդյուն փորձում էին հասնել Մուշարաֆի տեղափոխմանը Մեծ Բրիտանիայից: 2013 թ. մարտին Մուշարաֆը կամովին վերադարձավ Պակիստան՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրությամբ: Սակայն նրան նախ թույլ չտվեցին մասնակցել ընտրարշավին, ապա ձերբակալեցին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Մաշտոցի ոստիկանների նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Շվեդուհիները հիջաբ են հագել՝ ի նշան բողոքի ընդդեմ բռնության’