‘Պակիստանի քրիստոնյաները ցույցի են դուրս եկել մահմեդականների դեմ’

656

Երեկ՝ մարտի 10-ին, հարյուրավոր քրիստոնյաներ Պակիստանում դուրս են եկել ցույցի՝ պահանջելով իրենց պաշտպանել մահմեդական-ջարդարարներից, հաղորդում է France-Presse գործակալությունը: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել մի շարք քաղաքներում: Երկրի արևելյան Լահոր քաղաքում անկարգությունները վերաճել են բախումների ոստիկանության հետ, որը ցուցարարներին ցրել է մահակների և արցունքաբեր գազի օգնությամբ:

Նախօրեին՝ մարտի 9-ին, ավելի քան երեք հազար մահմեդականներ Լահորում  հարձակվել էին քրիստոնեկան թաղամասի վրա, այրել ավելի քան հարյուր տուն, թալանել քրիստոնյաներին պատկանող մի քանի խանութ: Անկարգություններից հետո ոստիկանությունը ձերբակալել էր ընդամենը 150 հոգու, այդ թվում՝ նաև հարձակման ենթարկված քրիստոնայների:

Անկարգությունները հաջորդել էին երիտասարդ քրիստոնյա Սավան Մասիհի ձերբակալությանը, որը, ինչպես հաղորդում է BBC News-ը, իր մահմեդական ընկերոջ հետ զրույցի ժամանակ անհարգալի արտահայտություն էր թույլ տվել Մուհամեդ մարգարեի հասցեին: Մահմեդական ընկերը դիմել էր ոստիկանություն, և Մասիհին ձերբակալել էին՝ աստվածանարգության մեղադրանքով: Սակայն դա մահմեդականներին չէր բավարարել, և նրանք փողոց էին դուրս եկել՝ պահանջելով երիտասարդ քրիստոնյային հանձնել իրենց ձեռքը:

Եթե Մասիհին մեղավոր ճանաչեն, նրան մահապատիժ է սպառնում: Իրավապաշտպանների համոզմամբ՝ աստվածանարգության մասին օրենքը պարբերաբար օգտագործվում է անձնական հաշիվներ մաքրելու նպատակով, սակայն Պակիստանի իշխանությունները կտրականապես հրաժարվում են փոխել այն: 2011 թ. Փենջաբի նահանգապետը, որը հանդես էր գալիս այդ օրենքը մեղմացնելու օգտին, սպանվել էր իր իսկ թիկնապահի կողմից: Վերջինս խոստովանել էր, որ նրան սպանել է աստվածանարգության մասին օրենքը փոխելու մտադրության համար, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կեղծիք Միքայել Մինասյանի կենսագրությունում ‘
Հաջորդ հոդվածը‘Սաուդյան Արաբիայում որակավորված դահիճների պակաս է զգացվում’