‘Պակիստանում հարձակում է կատարվել համալսարանի վրա, կան զոհեր. Լրացված’

994

Պակիստանի հյուս-արևմուտքում՝ Չարսադդա քաղաքում, գրոհայինները ներխուժել են համալսարանական մասնաշենքի տարածք և կրակ բացել ուսանողների վրա: Զոհերի և վիրավորների թիվը դեռ ճշտվում է: Նախնական տվյալներով՝ հայտնի է առնվազն մեկ զոհի՝ քիմիայի դասախոսի սպանության մասին: Համալսարանի տարածքում փոխհրաձգություն է ընթանում հարձակվողների և անվտանգության ծառայության աշխատակիցների միջև:

Դեպքի վայրը շրջապատված է, այդ թվում՝ նաև զրահատեխնիկայով, ուսանողները և դասախոսական կազմը տարհանվում են:

Իշխանությունները տեղեկացրել են, որ չեզոքացվել է երկու գրոհային: Փոխանցում է BBC-ն:

Ըստ վերջին տվյալների՝ Պակիստանի Չարսադդա քաղաքի համալսարանի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել է 21 մարդ, հիմնականում՝ ուսանողներ, որոնք հարձակման պահին եղել են տղամարդկանց հանրակացարանում: Վիրավորների թիվը հասնում է 50-ի, նրանցից ոմանց վիճակը ծայրահեղ ծանր է:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Տեհրիկ-ե Թալիբան Պակիստան» խմբավորումը, որի հայտարարության մեջ ասվում է, թե չորս գրոհայինների հարձակումը պակիստանյան իշխանությունների հակաահաբեկչական գործողությունների պատասխանն է Աֆղանստանի սահմանին՝ ցեղախմբերի գոտում: Բոլոր չորս ահաբեկիչները սպանվել են:

Հարձակման պահին ուսումնական հաստատության տարածքում մոտավորապես 3 հազար ուսանող է եղել: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Մեղրու լեռնանցքը դժվարանցանելի է’
Հաջորդ հոդվածը‘Սթիվեն Հոկինգ. Մարդկությունը ինքնասպանության է գնում’