‘Պակիստան. Փեշավարի դպրոցում ահաբեկչությունը համախմբել է երկիրը’

669

Պակիստանի խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել իսլամիստների ահաբեկչության դեմ: Առիթը «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման գրոհայինների կողմից Փեշավարի դպրոցներից մեկում իրականացված ահաբեկչական գործողությունն է, որի արդյունքում սպանվեց 144 մարդ, հիմնականում՝ զինվորականների երեխաներ: Այդ հրեշավոր ահաբեկչությունը համախմբել է երկրի բնակիչներին:

Նախօրեին Իսլամաբադում ընդդիմության առաջնորդ Իմրան Խանը հայտարարել է 126 օր շարունակվող հակակառավարական հանրահավաքը դադարեցնելու մասին՝ կապված Փեշավարի ահաբեկչական գործողության հետ: «Մենք բոլորս պետք է միավորվենք վտանգին դեմ հանդիման և  տարաձայնությունները թողնենք մի կողմ»,-շեշտել է Իմրան Խանը:

Ավանդական ուրբաթօրյա ժամերգությունը նույնպես նվիրված է եղել Փեշավարի ահաբեկչության զոհերի հիշատակին:

Պակիստանի իշխանությունները խստացրել են ահաբեկչության դեմ պայքարի միջոցները: Մահապատժի մորատորիումը վերացնելուց հետո բանտերում գտնվող ահաբեկիչների նկատմամբ մահվան վեց դատավճիռ է կայացվել: Բանակը նույնպես ակտիվացրել է իր գործողությունները: «Միայն վերջին մեկ օրվա ընթացքում զինվորականները ոչնչացրել են մի քանի գրոհայինների Կարաչիում և Փենջաբ նահանգի քաղաքներում: Դա վկայում է այն մասին, որ կառավարությունը և բանակն իսկապես տրամադրված են երկիրը դրանցից մաքրելու: Թե դա կհաջողվի՝ այլ հարց է»,- ասել է պակիստանցի քաղաքագետ Զահիդ Հուսեյնը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Շմայսի վարորդին մեղադրանք է առաջադրվել. Նրան ուզում են պրծացնեն տուգանքով’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ. Sony Pictures-ի վրա գրոհի ետևում Փհենյանն է’