Պահանջագիր. ԱլիքՄեդիա

595

Մեր հաւաքական մեղքով եւ աշխարհաքաղաքական կանխատեսելի ու անկանխատեսելի հանգամանքների բերումով Հայոց անկախ պետականութիւնը եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն այժմ վտանգուած են առաւել, քան երբեւէ։

Հայ ժողովուրդն ապրում է գոյաբանական սուր ճգնաժամ, որը սպառնում է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան կորստով։

Պահը ճակատագրական է, եւ պահի հրամայականն է՝ հայոց բոլոր ուժերի ու կարողութիւնների անվերապահ մէկտեղումը, որը ստեղծուած իրավիճակից դուրս գալու միակ գրաւականն է։

Պէտք է յստակ գիտակցել, որ բոլոր անձնական, հոգեւոր, կուսակցական, տնտեսական ու քաղաքական մասնաւոր շահագրգռութիւնները, ձգտումները, համակրանքներն ու տարակարծութիւնները իմաստ եւ նշանակութիւն ունեն միմիայն այն պարագային, երբ գոյութիւն ունի ամուր եւ կենսունակ Հայաստանի Հանրապետութիւնը, այլապէս դրանք, ի սկզբանէ զուրկ լինելով որեւէ հիմքից, դատապարտուած են չգոյութեան։

Կայ միայն մէկ ճշմարտութիւն՝ գոյութեան ճշմարտութիւնը, որին կարելի է հասնել միայն մէկ ճանապարհով՝ հայ ժողովրդի հաւաքական իմաստութեամբ։

Այս առումով, չափազանց ողջունելի է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնութեամբ սկսուած ազգային համախմբման գործընթացը՝ Հայաստանի եւ Արցախի նախագահներ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի, Ռոբերտ Քոչարեանի, Սերժ Սարգսեանի, Արկադի Ղուկասեանի եւ Բակօ Սահակեանի մասնակցութեամբ։

Այդ հանգամանքն իսկ ցուցիչ է իրավիճակի ճակատագրական լրջութեան։

Իշխանութեան եւ քաղաքական ուժերի ջանքերի միաւորումով միայն կարող է գտնուել այս ճգնաժամից դուրս գալու լաւագոյն ելքը։

Ինչ էլ լինի դրա արդիւնքը՝ դա լինելու է ամբողջ հայ ժողովրդի պատմական ընտրութիւնը, որը չի կարող վրիպել։

Ուստի, որպէս Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի եւ պարզապէս հայ մարդ՝ պահանջում եմ Հայաստանի եւ հայ ժողովրդի անցեալ ու ներկայ բոլոր քաղաքական եւ հոգեւոր պատասխանատուներից անվերապահօրէն եւ հրատապօրէն մինչեւ վերջ շարունակել ազգային համախմբման գործընթացը։

Սեւակ Արամազդ
Գրող

aliqmedia.am

Նախորդ հոդվածըՖԻԴԵ-ն կհետաքննի Մագնուս Կարլսենի մեղադրանքները` Հանս Նիմանի հնարավոր խարդախության մասին
Հաջորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը մեկնարկեց վստահ հաղթանակով