‘Պահքը և նրա անհրաժեշտությունը ‘

2817

Իմ անձը խոնարհեցրի՝ ծոմ պահելով (Սաղմոս 68:11) Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման (Մատթ 6:16): Եթե նկարագրելու լինենք ճշմարիտ պահեցողությունը, ապա կարող ենք վստահ ասել, որ Պահքը մարդու հոգևոր կյանքում լիակատար հեղափոխություն է, որը նրան հեռացնում է մեղավոր կյանքից և մոտեցնում Աստծուն: Նախ նկատենք, որ պահեցողությունը հենց առաջին մարդով էր տրված մեզ՝ Ադամով, Տերը նրան պատվիրել էր ուտել ամեն պտղից` բացի բարու ու չարի. դա արդեն իսկ պահեցողություն էր: Հաջորդը հենց Քրիստոսի օրինակով է տրված պահեցողության պատգամը, Ավետարանում ասվում է․ «Եվ քառասուն օր, քառասուն գիշեր ծոմ պահեց» (Մատթ․Դ 2):

Ահա Սուրբ գրային երկու կարևոր վկայություններ պահեցողության վերաբերյալ: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Պահքը Տիրահաստատ օրենք է, որի գործածությունը շատ կարևոր է: Պահեցողությունը մարմնի ցանկությունները զսպելու համար է: Պարարտացած ու գիրացած մարմինը դժվարությամբ է հիշում Աստծուն ու Նրա օրենքները, քանզի ճարպերի ու համադամ կերակուրների հետ` մարդու մեջ հեշտությամբ բուն են դնում չարագործ դևերը, ինչպես որ 2-րդ օրինացում էլ ասում է․ «Իսրայելը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու ըմբոստացավ… գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տեր Աստծուն՝ իր Արարչին, ապստամբեց Աստծո՝ իր Փրկչի դեմ»: Կամ մեկ այլ տեղ` Քրիստոս շատ հստակ կերպով ցույց տվեց, որ մարդու սնունդը, անժուժկալությունն ու նման բաները խանգարում են մարդուն լիակատար հոգևոր վիճակում լինելու համար․ «Սա այնպիսի դիվահարություն է, որ կարող է բժշկվել միայն աղոթքով ու պահքով» (Մատթ ժէ 20): Գիրացած և ճարպակալած մարդիկ ավելի հակված են մեղքին ու անառակ կյանքին, քան պահքով և ժուժկալությամբ իրենց զսպող անձինք:

Եկեղեցու հայրերն իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են պահեցողության մեջ, ինչով զսպել են մարմնական ցանկություններն ու աղոթքներով մոտեցել Աստծուն: Հայ եկեղեցին ունի մի քանի պահք, դրանցից առաջինն օրապահքերն են, որոնք ամեն չորեքշաբթի և ուրբաթ են, հաջորդը շաբաթապահքերն են, որոնք նախորդում են մեծ տոներին և Մեծ պահքն է, որը հայտնի է մարդկանց 40-օրյա պահք անունով: Պահեցողությունն իր հերթին բաժանվում է երեք տեսակի ՝ պահք, սրբապահք և ծոմապահք: Պահքն այն է, երբ մարդիկ հրաժարվում են կենդանական ծագման որևէ սննդից (կաթնամթերք, մսամթերք և այլն): Սրբապահքի ժամանակ զատվում են որոշ սնունդներ, օրինակ՝ մեղր, ձեթ, ընկույզ: Իսկ ծոմապահքի ժամանակ գործածվում է միայն հաց և ջուր, այսպիսով` անձը մաշեցնելով շահում են հոգին:

Ի գիտություն հավելեմ, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր պահում են ծոմապահքը: Այս տարի, Մարտի 2-ի երեկոյան Հայ եկեղեցին Բուն բարեկենդանի կիրակիով ազդարարեց Մեծ պահքի սկիզբը, որը կտևի մինչև ապրիլի 19-ի երեկոյան՝ Ս․ հարության տոնի ճրագալույցի Ս․ Պատարագը: Այս շրջանում հաստատված պահեցողությունը խորհրդանշում է մարդու հեռացումը Աստծուց` մեղքերի պատճառով: Դրա խորհրդանիշն է` եկեղեցիների վարագույների փակ լինելը: Գիտենք, որ Խորանը Դրախտի օրինակն է. ծածկելով խորանը` եկեղեցին մեզ հիշեցնում է, որ մենք դրախտից արտաքսված ենք մեղքի պատճառով: Խորանի վարագույրը բացվում է ավագ շաբաթ երեկոյան, ինչը Քրիստոսի հարության ավետիսն է ու մարդկանց ապաշխարության արդյունքը: Այսինքն, այդ օրը Քրիստոս Իր անապական մարմինը բաժանելով պատարագին մասնակից հավատացյալներին` նրանց մեղքերի թողություն է տալիս և ապաշխարությունը դարձնում ամբողջական:

Ահա սա նկատի ունենալով է, որ հավատացյալներս Նինվե քաղաքի օրինակով սկսում ենք 49-օրյա պահեցողությունը: Պահքի ժամանակ մեր կյանքն ավելի աղոթկան պիտի դարձնենք, ապաշախարենք, ամեն կիրակի մասնակցենք Ս․ պատարագներին, հնարավորության դեպքում` նաև ժամերգություններին: Պետք է մեր կյանքի և հոգևոր աշխարհի հանդեպ ավելի պարտաճանաչ և աչալուրջ լինենք: Մեր շրջապատի մարդիկ՝ բարեկամներ, ընկերներ, մեզ հետ շփվելուց պիտի զգան, որ շփվում են հավատացյալ պահեցող մեկի հետ, ոչ թէ կեղծավոր և երեսպաշտ քրիստոնյաների: Երբ պահք ենք պահում, ապա հոգևոր պատերազմ ենք հայտարարում չարին: Պահքը հոգևոր լուրջ գործընթաց է, որին մակերեսորեն մոտենալ չի կարելի: Այսօր ականատեսն ենք, թէ ինչպես շատերը պահեցողությամբ են զբաղվում մոդայից ելնելով, բժշկական նպատակներով, նիհարելու համար: Այո, լավ է և խրախուսելի, երբ մարդիկ հոգում են իրենց մարմնի և առողջության համար, բայց վատ է, երբ այդ ամենն արվում է հոգևոր քողի տակ: Դրանք ավելի շատ վնասում են «պահողներին» հոգևոր առումով: Խորհուրդ կտանք, որ նման մարդիկ կամ սկսեն ճշմարիտ պահեցողություն, կամ` անմիջապես դադարեցնեն:

Կա մարդկանց մեկ այլ տարածված խավ, ովքեր պահքի մասին խոսելիս ասում են` դե՛ կարևորը հոգու պահքն է: Այո, ճիշտ են, բայց միայն հոգևոր պահք պահելը կատարյալ չէ, ինչպես կասեր հայր Պիմենը․ «Հոգին ոչնչով այնքան չի խոնարհվում, ինչքան, երբ մեկը զսպում է իրեն կերակրից» կամ «Հոգու հարստությունը պահեցողությունն է»: Այսպիսով, ովքեր միայն կարևորում են հոգևոր պահքը, հնարավոր է` հայտնվեն մեկ այլ ծայրահեղության մեջ: Շատ կարևոր է, որ պահք պահողը մկրտված լինի, այլապես նրա պահքն ապարդյուն է: Պահեցողության վերջին օրը՝ ավագ շաբաթ օրը, առավոտից պետք է մարդիկ ծոմ լինեն, հեռու սնունդից և ջրից, ամենայն երկյուղածությամբ պատրաստվեն Ս․ հաղորդությանը, շաբաթ երեկո այցելեն եկեղեցի, մասնակցեն խոստովանության կարգին, ապա ստանան Ս․ Հաղորդություն, ինչով էլ կիմաստավորվի նրանց պահքը: Ովքեր պահեցողությունից հետո չեն ճաշակում Ս․ Հաղորդություն, նման են կանանց, ովքեր հղիանում, սակայն չեն ծննդաբերում: Այսինքն, պահքը լինում է անպտուղ:

Կարևոր է, որ պահեցողներն ամեն բանից առավել հոգան հոգևոր պետքերի մասին: Ժամանակին եկեղեցու հայրերն իրավամբ ասել են` ի՞նչ օգուտ, եթե կենդանու միս չես ուտում, սակայն առավոտից իրիկուն եղբորդ միսն ես ծամում: Մեզ զերծ պետք է պահենք բամբասելուց, հայհոյելուց ու նմանատիպ սարսափելի մեղքերից, որոնք հատկապես գործում ենք լեզվով: Խիստ կարևոր է` պահեցողությանը զուգահեռ լինել ողորմած, այն սնունդը և գումարը, որ մենք ծախսում ենք առօրյայում, ու այժմ` պահքի ժամանակ պիտի խնայենք ի սեր Աստծո և ի փրկություն մեր հոգու և ողորմության տանք: Պահքը լիակատար է ողորմությանն ու աղոթքին զուգահեռ: Անհրաժեշտ է նշել, որ պետք չէ ծայրահեղության մեջ ընկնել, ինչը կարող է մեծ հոգևոր աղետներ բերել: «Պահեցողությունը պետք է զգուշությամբ գործել, քանի որ սատանան կարող է կորստի մատնել թե՛ պահեցողությունը, թե՛ պահողին՝ մղելով նրան անպարկեշտ բամբասանքների՝ ինքն իրեն գերադասելով մյուսներից»,- ասում է Անտոն Անապատականը: Երբ պատահաբար լինում է, որ օգտվում ենք թխվածքից, շոկոլադից կամ մեկ այլ ոչ պահքաին կերակուրից, պետք չէ դրա համար մեծ սուգ անել: Ընդամենը պետք է հետևություն անել, որ ավելի ուշադիր լինենք:

Պետք չէ պահք պահել ի ցույց հանրության, պետք է խուսափել պահքի մասին բարձրաձայնելուց: Երբեմն ցանկալի է, որ մի կտոր խմորեղենն ճաշակենք ի ցույց մարդկանց, քան դառնանք գայթակղության և ավելորդ խոսակցության պատճառ: Այսպիսով, պահեցողությամբ թուլացնելով մարմինը` զորացնում ենք մեր հոգին, իսկ հոգին առավել է, քան մարմինը` ասում է մեր Տերը: «Աշխատեք ո՛չ թե կորստական կերակրի համար, այլ այն կերակրի, որ տանում է հավիտենական կյանք» (Հովհ․ 6:27): Իսկ վերջում մի երկու խոսք Հայրերից` Պահքը սանձ է մեղքի համար (Հայր Եպարքոս), Քանի որ պահք չպահելով՝ վռնդվեցինք դրախտից, այդ պատճառով էլ պահեցողություն անենք, որ նորից դրախտ մտնենք (Բարսեղ Կեսարացի), Հացը կշռով կեր, իսկ ջուրը՝ չափով, ու շնության ոգին կփախչի քեզանից (Եվագր Պոնտացի), Վախկոտ զինվորը դողում է փողի ձայնից, իսկ որկրամոլը՝ մոտակա պահքի ազդարարումից (Նեղոս Սինայեցի):

Խաչիկ դպիր Վարդանյան

Նախորդ հոդվածը‘Բերլուսկոնին ուկրաինական ճգնաժամի հարցով միջնո՞րդ ‘
Հաջորդ հոդվածը‘Շտապ. Ուկրաինայում ՌԴ ԶՈւ-ն կիրառելու կոչով Պուտինին դիմել է Յանուկովիչը. Թարմացված ‘