‘Պաղեստինը պահանջում է ստուգումներ անցկացնել Իսրայելի բանտերում’

531

Բանտում 30-ամյա Արաֆաթ Ջարադաթի մահվան, ինչպես նաև՝ չորս կալանավորների տևական հացադուլի կապակցությամբ Պաղեստինը կոչ է արել անցկացնել միջազգային հետաքննություն, փոխանցում է Associated Press-ը: Ջարադաթի մահվան առնչությամբ բարձրացվում է հարցաքննությունների ընթացքում «Շին Բեթ» անվտանգության ծառայության կողմից պաղեստինցիների հանդեպ դաժան վերաբերմունքի հարցը: Հանգուցյալի ընտանիքը պնդում է, որ մեկ շաբաթ առաջ, երբ Ջարադաթին ձերբակալում էին, նա լիովին առողջ էր: Մինչդեռ Իսրայելի պաշտոնական անձինք հայտարարել են, որ նա մահացել է սրտի կաթվածից: Հերձումը կատարվել է փետրվարի 24-ին, պաղեստինցի բժշկի մասնակցությամբ, որը հայտնել է, թե հանգուցյալի կողոսկրերը կոտրված են եղել, և սրտի կաթվածի որևէ նշան չի հայտնաբերվել: Իսրայելի առողջապահության նախարարությունը հանգուցյալի մարմնական վնասվածքները բացատրել է նրան վերակենդանացնելու ջանքերով:

Մի քանի հազար պաղեստինցի կալանավորներ նախօրեին Ջարադաթի մահվան կապակցությամբ հրաժարվել են ուտելիքից՝ ի նշան բողոքի: Փետրվարին՝ ավելի վաղ, Եվրամիությունը հատուկ հայտարարությամբ Իսրայելին կոչ էր արել բարելավել կալանավորված պաղեստինցիների կեցության պայմանները, հաղորդում է Trend-ը: Ներկա պահին իսրայելական բանտերում ավելի քան 5 հազար պաղեստինցիներ կան:

Նախորդ հոդվածը‘Սանդրո Ռոսել. Որպես մարդ Մեսին ավելի լավն է, քան որպես խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Թատրոնն սկսված է, կամ` նորից գոմեշի միսը մեջտեղ բերին’