‘
Մադինայում, Մարգարեի մզկիթի համալիրի ավտոկայանատեղիում, մահապարտը գործի է գցել պայթուցիկ սարքը, ինչի հետևանքով չորս պահապաններ զոհվել են, հինգը վիրավորվել, հաղորդել է Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարությունը:
Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, երբ հազարավոր ուխտավորներ հավաքվել են երեկոյան աղոթքի:
Մարգարեի մզկիթը՝ Մուհամեդ մարգարեի գերեզմանը, մուսուլմանների գլխավոր սրբավայրերից է, իսկ Մադինան իսլամում իր կարևորությամբ երկրորդ քաղաքն է՝ Մեքքայից հետո:
BBC-ի մերձավորարևելյան ծառայության խմբագիր Ալան Ջոնսոնի կարծիքով՝ այն, որ պայթյունը տեղի է ունեցել Մադինայում, Ռամադան սրբազան ամսին, նշանակում է, որ ողջ աշխարհի մուսուլմանները խորապես կցնցվեն այդ միջադեպից: Նրա խոսքով՝ կասկածներն արդեն տանում են դեպի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը:
Սաուդյան Արաբիայի ՆԳ նախարարության հայտարարության համաձայն՝ հունիսին անհայտ անձինք 26 հարձակում են գործել թագավորությունում:
‘