‘Պայքար՝ հանուն հարմարվողականության’

1744

Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրությանը զուգահեռ՝ մերձիշխանական լրատվամիջոցները կամաց-կամաց սկսեցին հրապարակի սակավամարդության «մեղավորների» փնտրտուքը: Եվ, հետևաբար, ինչպես և սպասվում էր, հետընտրական շրջանում ժողովրդի վստահության քվեն ստացածի սխալներն անտեսելով՝ այս քարոզչակենտրոնների հիմնական զբաղմունքը դարձավ, իրենց իսկ խոսքերով՝ մարած, կործանված Հայ ազգային կոնգրեսի քայլերի քննարկումն ու քննադատությունը, ինչի արդյունքում հերթական անգամ պարզվեց, որ այստեղ կրկին ամեն ինչի «մեղավորը» Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմն են:

Եվ ահա օրերս նման ոճի մի հոդվածում հանդիպեցի  «պատմական» համեմատության 2008-ի և 2013-ի միջև, որով Րաֆֆիի ներկայիս գործելակերպը, ըստ էության, արդարացվում է 2008թ. Մարտի 1-ին իշխանությունների կողմից իրագործված սպանդով: Դատեք ինքներդ:

Կասկածից վեր է, որ իշխանությունները կարող են բիրտ ուժ կիրառել քաղաքացիների դեմ, բայց, մեղմ ասած՝ ուղղակի անընդունելի է դրանից խուսափելու նպատակով անել այնպիսի անտրամաբանական և հակասական քայլեր, որոնք բացառում են քաղաքական ուժերի կոնսոլիդացիան և հրապարակում կրիտիկական զանգվածի ձևավորումը:

Այստեղ գործում է 2008-ի հայլուրային տրամաբանությունը, որը սպանդի մեղավոր էր հայտարարում խաղաղ բողոքի միջոցառումներ իրականացնող ընդդիմությանը: Նրանց և ներկայիս «վերլուծաբանների» տրամաբանությամբ՝ ստացվում է, որ եթե ընդդիմությունը չբողոքեր, իշխանությունը ուժ չէր գործադրի, և, հետևաբար, զոհերի պատասխանատուն բողոքողն է: Իսկ այսօր Րաֆֆին չի ցանկանում արյունահեղություն, հետևաբար՝ արդարացիորեն չի ցուցադրում համապատասխան դիմադրություն իշխանություններին:

Իսկ ի՞նչ է պետք իշխանություններին, և ինչի՞ց են վախենում նրանք: Միանշանակ է, որ Սերժ Սարգսյանի միակ վախը համակարգված ընդդիմությունն է և հասարակական լայն զանգվածների միավորումն ընդդեմ ռեժիմի: Նա պատրաստ է ցանկացած քայլի, որպեսզի ունենա թիրախային պայքարը բացառող ընդդիմություն, և, միևնույն ժամանակ, պատրաստ է բիրտ ուժ կիրառել իր իշխանությանը վտանգ ներկայացնողի նկատմամբ: Եվ հիմա ստացվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս բիրտ ուժի կիրառումից խուսափելու նպատակով, փաստորեն, գիտակցված, թե ոչ՝ կարևոր չէ, վերածվում է իշխանություններին ձեռնտու ընդդիմության:  

2008-ից ի վեր ոստիկանական ուժերը, սադրիչները փորձում են դադարեցնել կամ խոչընդոտել մեր խաղաղ երթերն ու հավաքները, բնականաբար՝ դրանց մեջ լուրջ վտանգ տեսնելով, մեզ սպառնում են, որ եթե, օրինակ՝ հավաքը կամ երթը չդադարեցնենք, կամ եթե երթը մայթերով չանենք, ապա մահակներով ու էլեկտրաշոկերով գլխներիս կտան: Մենք, իհարկե, չենք ենթարկվում ապօրինի իշխանության ներկայացուցչի ապօրինի պահանջին ու արդյունքում համապատասխան առարկաներով ստանում ենք գլխներիս, բերման ենք ենթարկվում և այլն: Բայց երբեք մեր մտքներով անգամ չի անցնում նահանջել, որովհետև գիտենք, որ մահակի հարվածների միակ այլընտրանքը հրաժարումն է պայքարից:

Սա բնական է: Կա՛մ իսկապես պայքարում ես հանուն փոփոխությունների, դիմադրում ես ռեժիմին, ձգտում ես տապալել այն՝ հարուցելով նրա զայրույթն ու ինքնապաշտպանական գործողությունները, կա՛մ, եթե քո գերնպատակն իշխանության դիմադրությունից խուսափելն է, հրաժարվում ես իշխանության համար ռեալ վտանգ հանդիսացող, հետևաբար՝ իշխանափոխության միակ երաշխիք հանդիսացող պայքարի մեթոդներից, այսինքն՝ ընդհանրապես պայքարից:

Այսինքն՝ այստեղ առաջ է գալիս նպատակների, առաջնային խնդիրների տարբերության հարցը: Եթե Րաֆֆիի գերխընդիրը Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնումն ու օրինակարգ իշխանության ձևավորումն է, ապա կարելի է փաստել, որ նա օր օրի հեռանում է իր նպատակից, իսկ եթե նրա համար առաջնային հարցը լայն զանգվածների ցանկացած տիպի դիմադրությունը ռեժիմին բացառելն է, ապա նա գերազանց է կատարում իր գործը:

Հ.Գ. Հարկավոր է հասկանալ, որ պայքարն ինքնին ենթադրում է դիմադրություն՝ թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ ներկայացուցիչը՝ Ս. Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու մասին. «Օրը կգա, բարին՝ հետը»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականի կազմը չեխերի հետ խաղում’