‘Պայքար՝ N 53 ավտոբուսի նախկին երթուղին վերականգնելու համար’

1695

Այսօր Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցավ բնակչության հանդիպումը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի պատասխանատուների հետ: Նոր Նորքի 4-րդ զանգվածում հավաքվել էր ավելի քան 1200 ստորագրություն՝ տարիներ շարունակ նույն զանգվածով անցնող N 53 ավտոբուսի նախկին երթուղին վերականգնելու պահաջով: Շուրջ մեկ ամիս է, ինչ քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ N 53 ավտոբուսի երթուղին չի գործում` առաջացնելով մեծ դժվարություններ դեպի կենտրոն ուղևորվող բնակիչների համար: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Է. Թառփոշյանը, որին ուղեկցում էին Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությյան ղեկավար Թ. Պողոսյանը և Երևանի Քաղաքապետարանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը, չտվեց որևէ հիմնավորում՝ երթուղու՝ գծից հանելու պատճառների վերաբերյալ և, փաստորեն, մերժեց բնակիչների դիմումը: Թառփոշյանը այն աստիճանի անհաղորդ գտնվեց, որ հարցին, թե ո՞ր դեպքում, այնուամենայնիվ, քաղաքապետարանը կվերականգնի երթուղին՝ 1000, 2000, թե 5000 ստորագրություն հավաքելու դեպքում, պատասխանեց, որ հարցը դրական լուծում չի ստանա:

Հանդիպմանը մասնակցող բնակիչները, որոնց պահանջին աջակցում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Խաչատրյանը, Հայ ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը, ԲՀԿ ավագանու անդամներ Մարտիկ Իսախանյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Հայկ Վարդանյանը , Նոր Նորքի ԲՀԿ և Կոնգրեսի տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները, մտադիր են շարունակելու իրենց պայքարը՝ N 53 ավտոբուսի նախկին երթուղին վերականգնելու համար: Պահանջը չբավարարելու դեպքում քննարկվելու է ճանապարհների փակման, ինչպես նաև հանրապետության բարձրագույն պաշտոնյաների նստավայրերի մոտ բողոքի ակցիաների կազմակերպման հնարավորությունը: 

Նախորդ հոդվածը‘Յալթայում բացվել է Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի հուշարձանը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը 2015 թ. պահեստայինների զորակոչի հրաման է ստորագրել’