‘
Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու բանակցությունները հայտնվել են փակուղում, և դա իշխող Պահպանողական կուսակցությանը առաջնորդի փոփոխություն է սպառնում, իսկ երկրին՝ լրջագույն քաղաքական ճգնաժամ:
Վերջին երկու օրերին վարչապետի և պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյի կուսակիցները գրոհել են նրա վրա միանգամից երկու կողմից. «կոշտ brexit»-ի կողմնակից, արդեն նախկին արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Մեյի կաբինետի դիրքորոշումը ԵՄ-ի հետ բանակցություններում անվանել է Բրյուսելին գերի հանձնվել, իսկ եվրաօպտիմիստ պատգամավորների մեծ խմբի ղեկավար Նիք Բոուլսը հրաժարվել է պաշտպանել Մեյի դիրքորոշումը՝ առաջ քաշելով առաջիկա տարիներին ԵՄ-ի հետ առավելագույնս սերտ կապեր պահպանելու իր ծրագիրը:
Բորիս Ջոնսոնը երկուշաբթի Daily Telegraph-ում գրել է, որ համաձայնելով ընդհանուր կանոններին՝ Բրիտանիան նախապես սպիտակ դրոշ է պարզում և ինքն իրեն զրկում է ազատ առևտրի պայմանագրեր կնքելու հնարավորությունից երրորդ երկրների հետ:
Նիք Բոուլսը նույն Telegraph-ում Ջոնսոնի դիրքորոշման ճիշտ հակառակ ուղի է առաջարկում՝ առաջիկա երեք տարիներին մնալ Եվրամիության կազմում՝ Նորվեգիայի իրավունքների օրինակով, այսինքն՝ պահպանելով ԵՄ բոլոր կանոնները և անդամավճար վճարելով, սակայն գագաթնաժողովներում չունենալով ձայնի իրավունք:
Թերեզա Մեյը նույն լրատվամիջոցում քննադատներին պատասխանել է, որ չի հրաժարվի իր ընտրած ուղուց և համոզված է, որ ԵՄ-ի հետ բանակցությունները հաջողություն կունենան:
Փոխանցում է BBC-ն:
‘