‘«Պանարմենիան փաբլիշինգ հաուսը» Անի Քոչարից խլել է «Ես Yes!» ամսագիրը’

3897

«Ես Yes!»-ը նյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ «Ես Yes!» երիտասարդական ամսագիրը Անի Քոչարից խլել են, այժմ էլ փորձում են խոչընդոտել Անիի հրատարակած նոր` «Ես եմ…» ամսագրի հրատարակությունը: Գլխավոր խմբագիր Անի Քոչարը նշեց, որ ստեղծված իրավիճակի պատճառները խորքային են, գալիս են վաղ ժամանակներից: Սեպտեմբերի 10-ին դատարանի կողմից ընդունված որոշման, որի մասին Անին տեղեկացել է միայն, երբ այն ուժի մեջ է մտել, հիմքում Անի Քոչարը տեսնում է իր քաղաքական հայտարարությունները, այն, որ այլակարծության իրավունքը չի հանդուրժվում, արդյունքում ստացվում է այն, ինչ ստացվում է: «Այստեղ խնդիրը «Ես Yes!»-ը խլել-չխլելը չէ, ինձ համար դժվար չէ նոր ամսագիր հրատարակելը կամ նոր ինչ-որ բան ստեղծելը, այստեղ արժանապատվության և քո ստեղծածը պահպանելու խնդիր կա»,- ասաց Քոչարը՝ նկատելով, որ կատարվածում իր մեղքի բաժինն էլ կա. ուսանողական տարիներին չի ամրագրել, որ դա իր նախագիծն է, ինչի արդյունքում «Պանարմենիան Մեդիա գրուպի» ցանկում գտնվող «Պանարմենիան փաբլիշինգ հաուսը» ապօրինաբար, առանց Անիին իրազեկելու տարել իր անունով է գրանցել Քոչարի հեղինակած ամսագիրը: Եվ այժմ փորձում են տեր դառնալ ոչ միայն Անի Քոչարի ստեղծած ամսագրին, այլև նրա հիմնած կայքին`esyes.am, esem.am:

Սակայն այժմ թույլ չի տա իր իրավունքները ոտնահարեն, իրենից խլեն տարիների ընթացքում ստեղծածը, որի վրա ջանք է թափել, ժամանակ, եռանդ, այն կայացրել է իբրև բրենդ: Անի Քոչարը նաև տեղեկացրեց, որ այսօր տպագրում է բոլորովին նոր ամսագիր՝ «Ես եմ», որը նախկին «Ես Yes!»-ի հետ կապ ունի միայն նրանով, որ այն ևս պատրաստում է նույն թիմը, նույն խմբագրակազմը՝ իր իսկ գլխավորությամբ: 

Նախորդ հոդվածը‘Ասադը հաստատել է, որ պատրաստ է հրաժարվել քիմիական զենքից’
Հաջորդ հոդվածը‘Եվրախորհրդարանն առաջարկել է բարելավել հարաբերությունները Բելառուսի հետ’