‘
Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել ուղերձով, որում առանձնացրել է երիտասարդության միգրացիայի խնդիրները:
«Տարեկան ընդհանուր մոտ 214 մլն միջազգային միգրանտների ավելի քան 10 տոկոսը կազմում են երիտասարդները, սակայն դեռևս շատ քիչ բան է հայտնի նրանց անցած դժվարությունների և ապրումների մասին:
Երիտասարդների միգրացիայի պատճառները բազմաթիվ են: Ոմանք խույս են տալիս հալածանքներից, մյուսները փախչում են տնտեսական դժվարություններից: Ոմանք հեռանում են միայնակ, մյուսները ընտանիքի՝ ծնողների, քույր-եղբայրների և նույնիսկ իրենց երեխաների հետ: Ոմանք ունեն համայնքներ, որոնց կարող են միանալ, մյուսները ստիպված են նոր կապեր հաստատել: Ճանապարհին և իրենց վերջնական նշանակակետերում շատ երիտասարդ միգրանտներ հանդիպում են նախկինին հավասար կամ ավելի մեծ դժվարությունների, այդ թվում՝ ռասիզմի, քսենոֆոբիայի, խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման: Մասնավորապես, երիտասարդ կանայք ենթարկվում են սեռական շահագործման և բռնության:
Աղքատությունը, բազմամարդ ու ոչ սանիտարահիգիենիկ պայմանները և արժանապատիվ աշխատանք գտնելու մարտահրավերները դարձել են միգրանտների կյանքի սովորական բնորոշիչները: Այս մարտահրավերները սրվում են ներկայիս համաշխարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամի պայմաններում: Հաճախ համայնքները և քաղաքական գործիչները մեղադրում են միգրանտներին տեղացիներին աշխատանքից զրկելու մեջ՝ ենթարկելով նրանց էլ ավելի մեծ խտրականության ռիսկի: Այլ դեպքերում, գաղթող ծնողների կողմից լքված երիտասարդները բախվում են հոգեբանական և սոցիալական խնդիրների և էլ ավելի մեծ խոցելիության:
Հատկանշական է երիտասարդ միգրանտների ունեցած դրական ներդրումը այն հասարակությունների տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտների հարստացման գործում, որտեղից նրանք սերում են, որտեղ հայտնվում են կյանքի բերումով և որտեղ, ի վերջո, հանգրվանում են: Շատերը ծանր աշխատանք են կատարում ապրուստ վաստակելու և իրենց կենսապայմանները բարելավելու համար: Իրենց հարազատ երկրներում ապրող ընտանիքներին աջակցելու համար նրանց կատարած դրամական փոխանցումները խթանում են տնտեսության զարգացմանը ողջ աշխարհում: Երիտասարդ միգրանտները, վերադառնալով տուն, հաճախ նպաստում են զարգացմանը` կիրառելով արտասահմանում ձեռք բերած հմտություններն ու գաղափարները: Եվ շատ դեպքերում կանայք միգրացիայի շնորհիվ հզորություն են ձեռք բերում՝ ստանալով ֆինանսական և սոցիալական անկախություն» , — իր ուղերձում նշում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ կոչ անելով կազմակերպության անդամ պետություններին ուշադրություն դարձնել երիտասարդության միգրացիային:
‘