‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ հետաքննել Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ վերջին իրադարձությունները: «Քիմիական զենքի կիրառումը՝ որտեղ էլ լինի, ում կողմից էլ լինի՝ ցանկացած պարագայում կդիտվի որպես միջազգային իրավունքի խախտում: Մարդկության դեմ նման հանցագործությունը պետք է խիստ հետևանքներ ունենա այն կարտարողի համար», Սեուլում կայացած գագաթնաժողովում հայտարարել է գլխավոր քարտուղարը: «Ես Սիրիայի կառավարությանը համագործակցության կոչ եմ արել, որպեսզի մեր առաքելությունը կարողանա օպերատիվ կերպով հետաքննել այս վերջին միջադեպը»,- հայտնել է Պան Գի Մունը՝ հավելելով, որ մտադիր է ամեն կերպ հասնել նրան, որպեսզի Դամասկոսը թույլ տա այցելել քիմիական գրոհի ենթադրյալ վայրը: Պան Գի Մունի խոսքերով՝ շտապ հետաքննություն անցկացնելու նպատակով Սիրիա կմեկնի ՄԱԿ-ի՝ զինաթափման գծով բարձրագույն ներկայացուցիչ Անջելա Քեյնը: ՄԱԿ-ի տեսուչների կողմից քիմիական գրոհի ենթադրյալ վայր այցելելու դիմումն արդեն իսկ ուղարկվել է Սիրիայի իշխանություններին, Նյու Յորքում բրիֆինգի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի մամլո խոսնակը: Իր հերթին՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետախուզությանը հանձնարարել է պարզել իրերի դրությունը, տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը և հավելել, որ «նախագահը կարող է մի շարք միջոցներ ձեռք առնել, եթե հաստատվի, որ անցել են քիմիական զենք կիրառելու «կարմիր գիծը»»:
Դամասկոսի վրա գրոհը տեղի է ունեցել օգոստոսի 21-ի առավոտյան, դրա զոհն է դարձել 1188 մարդ, հաղորդում է vesti.ru-ն:
‘