‘
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հեռանում է թիմից: Նա այդ մասին հայտարարել է այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Ասուլիսի ընթացքում ֆրանսիացի մասնագետը նշել է, որ այլ թիմ չի փնտրում, պարզապես «արքայական ակումբին» փոփոխություններ են անհրաժեշտ հաջողությունները շարունակելու համար:
«Որոշել եմ չշարունակել զբաղեցնել «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնը: Մի փոքր տարօրինակ պահ է, բայց փոփոխություն է պետք, որ թիմը շարունակի հաղթել, պետք են այլ մեթոդներ: Ինձ հետ դժվար կլիներ հաղթել հաջորդ մրցաշրջանում: Դա տեսանք նաեւ այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում: Եթե պետք է մնան, ու վատ լինի, չեմ ուզում: Ցանկանում եմ՝ այս փուլը «Ռեալում» լավ ավարտ ունենա: Սա որոշում է, որը լավ կլինի բոլորի՝ առաջին հերթին ինձ, եւ նաեւ թիմի համար: Փոփոխությունը պետք է հաղթանակները շարունակելու համար: Այս ակումբը մեծ պատմություն ունի, ու խաղացողներից միշտ ավելին ենք պահանջում, բայց գալիս է պահ… էլ ի՞նչ պահանջեմ նրանցից, այն ամենից հետո, ինչին ինձ հետ հասան»,- ասել է նա:
Որոշման մասին նա նախօրեին հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Վերջինս ասուլիսի ժամանակ նշել է, որ իր համար անսպասելի որոշում է եղել, շատ կցանկանար համոզել նրան մնալ, սակայն պետք է ընդունել ու հարգել մարզչի որոշումը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրա նվիրվածության, սիրո ու այն ամենի համար, ինչ այս տարիների ընթացքում արել է հանուն «Ռեալ Մադրիդի»: Սա հրաժեշտ չէ, սա ցտեսություն է, բայց նա հանգստի կարիք է զգում ու ունի դրա իրավունքը»,- ասել է Պերեսը:
Օրերս Զինեդին Զիդանը պատմական հաջողության հասավ «արքայական ակումբի» հետ: 3-րդ տարին անընդմեջ նվաճեց Չեմպիոների լիգայի գավաթը: Նրա գլխավորությամբ «Ռեալը» դարձավ առաջին թիմը, որը մրցաշարի անվանափոխությունից հետո կարողանում է 3 տարի անընդմեջ հաղթել այդ մրցաշարում:
Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016 թ. հունվարին՝ մրցաշրջանի կեսից փոխարինելով իսպանացի Ռաֆայել Բենիտեսին, որի գլխավորությամբ թիմի խաղն անկում էր ապրում: Ընդհանուր առմամբ, ֆրանսիացու ղեկավարությամբ «Ռեալը» 9 տիտղոս է նվաճել: Բացի Չեմպիոնների լիգայի 3 գավաթներից՝ «սերուցքայինները» 2016-17 մրցաշրջանում դարձել են Իսպանիայի առաջնության չեմպիոն, 2017-ին նվաճել են Իսպանիայի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին՝ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը, 2016-ին ու 2017-ին նաեւ հաղթել են աշխարհի ակումբային առաջնությունում:
Սա կարող է 2017-18 մրցաշրջանից հետո «Ռեալի» միակ լուրջ կորուստը չլինել: Թիմը կարող է լքել նաեւ պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն:
‘