‘Պաշտոնական Ստեփանակերտը տարօրինակ է համարում ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու Վիկտորիա Նուլանդի կոչերը’

1036

Ստեփանակերտի համար անընդունելի են ղարաբաղյան բանտում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կոչերը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի խոսքով, Արցախի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև դիվերսիոն խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂՀ տարածքում: Հետագայում նրանց նկատմամբ իրականացվել է թափանցիկ դատավարություն, որին ներկա են եղել թե ԶԼՄ-ների, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Դատավարության ընթացքում նրանց մեղքն ապացուցվել է, նրանք ընդունել են իրենց մեղքը, այդ պատճառով էլ նամակով դիմել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` պատժաչափը մեղմելու համար: Ստեփանակերտն արդեն բարի կամք է դրսևորել և «մարդասիրական ժեստ» կատարել` դիվերսանտների նկատմամբ իրականացնելով ոչ թե հաշվեհարդար, այլ բաց ու թափանցիկ դատավարություն` ինչպես ցանկացած նորմալ երկրում», — հայտարարել է Բաբայանը:

Այդ համատեքստում Բաբայանը տարօրինակ է համարում Նուլանդի կոչերը, որը դիվերսանտներին համարելով հանցագործներ, միաժամանակ կոչ է անում «մարդասիրական ժեստ» կատարել և ազատ արձակել նրանց: «Հետաքրքիր է, ինչպիսի՞ն կլիներ Վաշինգտոնի արձագանքը, եթե ինչ-որ կազմակերպություններ խնդրեին բանտից ազատել բոստոնյան ահաբեկիչներին: Հասկանալի է, որ նման կարգի հանցագործները չեն կարող ազատ արձակվել այդպիսի «մարդասիրական» ձևով, հատկապես, եթե խոսքը վերաբերում է մի երկրի, որը ծնում է տարբեր սաֆարովներ, որոնք սպանում են քհած հայ սպաների», — ընդգծել է ԼՂՀ ղեկավարի մամուլի քարտուղարը:

Նա կարծում է, որ դիվերսանտների հարցը ԱՄՆ խնդիրը չէ, Վաշինգտոնը, պարզապես, կուլ է տվել Բաքվի խայծը, որը փորձում է Հայաստանի վրա բարդել իր գործողությունների համար պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ասկերովը և Գուլիևը դատապարտվել են, համապատասխանաբար, ցմահ և 20 տարվա ազատազրկման`  սահմանի ապօրինի հատման, դիվերսիոն գործողություններ իրականացնելու և դաժան սպանության համար: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ‘
Հաջորդ հոդվածը‘«Չելսիի» երկրպագուներին մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում’