‘Պաշտոնյա. Դպրոցներում գրիպի համաճարակ չկա’

204

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ: iLur.am-ը ահազանգեր է ստացել, որ հանրապետության մի շարք դպրոցներում սկսվել է գրիպի համաճարակ:

iLur.am-ի հետ զրույցում առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության  գլխավոր մասնագետ  Լիանա Թորոսյանը նշեց, որ շնչառական վարակների և գրիպի հետ կապված՝  դեռևս հոկտեմբեր ամսից մոնիթորինգ է իրականացվում դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում:

Դիտարկումներն իրականացվել են ինչպես ջերմային ռեժիմի պահպանման, այնպես էլ երեխաների բացակայությունների պատճառները պարզելու ուղղությամբ:

Մասնագետի փոխանցմամբ՝ այսօրվա տվյալներով հանրապետությունում կան շուրջ 30 դպրոցներ, որտեղ աշակերտների բացակայությունը հատում է 5%-ի սահմանը: Նրա հավաստիացմամբ՝ գրիպի համաճարակի մասին խոսք անգամ լինել չի կարող:

Լիանա Թորոսյանի տեղեկություններով՝ իրականացվել է հսկողություն, կազմակերպվել է մասնագետների այց դպրոցներ:  Այն աշակերտները, որոնց մոտ հայտնաբերվել են գրիպանման երևույթներ, մեկուսացվել են: Նրանց թույլ չի տրվել մինչև լիարժեք ապաքինումն այցելել ուսումնական հաստատություն:

Լիանա Թորոսյանի խոսքով ՝ դպրոցական տարիքի երեխաների շրջանում ծանր դեպքեր չեն արձանագրվել : Պատասխանելով այն հարցին, թե արդյոք 5% բացակայությունների հանգամանքը չի կարող դասերի հետաձգման պատճառ դառնալ՝ նա ասաց, որ միջացառումները խստացվել են, սակայն չի փակվել ոչ մի ուսումնական հաստատություն:

Մասնագետն, իբրև կարևոր հանգամանք, նշեց, որ նախադպրոցական և դպրոցական հաստատությունների ուսումնական գործընթացը կարող է հետաձգվել, եթե ընդհանուր բացակայությունները գերազանցեն 20%-ը, իսկ, ինչպես նշում է մասնագետը, մինչև այժմ դպրոցներից ոչ մեկում չի գրանցվել բացակայությունների 10 և ավելի տոկոս:

Նկատենք, որ մարտի 18-ից նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում մեկնարկում է գարնանային մեկշաբաթյա  արձակուրդ, որն էլ, ինչպես նշում է Լիանա Թորոսյանը, կնպաստի հիվանդությունների կանխարգելմանը:

Նախորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն արձագանքում է ՄԻՊ-ի զեկույցին. Այդ խնդիրները մեզ համար տեսանելի են, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘Տարածքային կառույցների խորհրդակցություն Կոնգրեսում’