‘Պաշտոնյա. Հայաստանում ազգային ավիափոխադրող չի եղել ու չի լինի’

891

Հայաստանը հակված չէ ազգային ավիափոխադրողի գաղափարին: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Քաղավիացայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը:

Վարչությունն առայժմ մրցույթ չի հայտարարել այն ուղղությունների համար, որոնք «Արմավիայի»՝ ոլորտից հեռանալուց հետո մնացել են թափուր:

Նրա խոսքով՝ մրցույթներ կհայտարարվեն միայն այն բանից հետո, երբ միջազգային McKinsey Interтational քոնսալթինգային ընկերությունը կավարտի վերլուծել արդյունքները եւ դրանք կներկայացնի Հայաստանի կառավարությանը: Այդ աշխատանքների ավարտի ժամկետների մասին առայժմ չի հաղորդվում:

 «Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ազգային ավիափոխադրողի գաղափարը անպայման չէ, որ կընդունվի: Նման որակավորում չկար նաեւ «Արմավիայի» պարագայում, այդ պիտակը լրատվամիջոցներն էին կիրառում», — ասել է նա: «Ամենայն հավանականությամբ, տարբեր ուղղություններով մրցույթներ կհայտարարվեն: Ով հաղթի, նա էլ կթռչի»,-եզրափակել է Սահակյանը:

McKinsey Interтational քոնսալթինգային ընկերությունը պետք է առաջարկներ նախապատրաստի Հայաստանի քաղավիացիայի շուկան ազատականացնելու ուղղությամբ: Հնարավոր է, որ «Արմավիայից» հետո թափուր ուղղություններով չվերթներ կարող են իրականացնել մինչեւ 3 հայկական ավիաընկերություններ: Առայժմ հետաքրքրություն է հայտնել միայն «Էյր Արմենիան», որը զբաղվում է օդային բեռնափոխադրումներով:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանում հայկական պանրի մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել’
Հաջորդ հոդվածը‘Արոնյան-Լիսի զույգի հաղթողը կվճռվի լրացուցիչ խաղում’