‘
Աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ֆրաուկե Պետրին, հայտարարել է, որ լքելու է կուսակցությունը, իսկ Բունդեսթագում, որտեղ նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, հանդես կգա որպես անկախ պատգամավոր: Նույնպիսի որոշում է կայացրել նաև նրա ամուսինը՝ Մարկուս Պրետցելը, որը ևս ԱԳհ-ի հնագույն անդամներից է:
Քաղաքական գործիչներն իրենց որոշումը բացատրել են կուսակցության առավել արմատական թևի հետ ունեցած տարաձայնություններով:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը նշանակալի հաջողության հասավ կիրակի օրը կայացած ընտրություններում՝ ստանալով ընտրողների գրեթե 13 %-ի քվեն և դառնալով Բունդեսթագի երրորդ խոշոր կուսակցությունը:
Դիտորդները չեն բացառում, որ կուսակցության՝ չափավոր տրամադրված անդամները կարող են հետևել Պետրիի օրինակին և նրա հետ միասին ստեղծել նոր քաղաքական ուժ:
ԱԳհ-ն ստեղծվել է ընդամենը 2013 թ., և նրա հաջողությունը ուղղակի ցնցել է ավանդական կուսակցությունների կողմնակիցներից շատերին: «Սա աղետ է: Գերմանացիները մտածելու բան ունեն», կարծում են նրանցից շատերը:
Միևնույն ժամանակ՝ ԱԳհ-ի հաղթանակը մեծ ոգևորությամբ է ընդունվել PEGIDA (Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման) շարժման կողմնակիցների կողմից:
Փոխանցում է euronews-ը:
‘