‘
Գերմանիայի ՆԳ նախարար և բավարական Քրիստոնյա-սոցիալական միության (ՔՍՄ) նախագահ Հորսթ Զեեհոֆերը հաստատել է, որ հրաժարական է տալիս: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Մյունխենում կուսակցության վարչության նիստի ավարտից հետո:
ՔՍՄ և Անգելա Մերկելի ղեկավարած ՔԴՄ (Քրիտոնյա-դեմոկրատական միություն) կուսակցությունների միջև տարաձայնությունները, որ կապված են միգրացիոն ճգնաժամը կարգավորելու հարցի հետ, կարող են հանգեցնել Գերմանիայի՝ երեք ամիս առաջ ձևավորված իշխող կոալիցիայի փլուզմանը:
Բավարական պահպանողականները Մերկելին մինչև հուլիսի 1-ը ժամանակ էին տվել փախստականների խնդրի լուծում գտնելու համար: Հակառակ դեպքում Զեեհոֆերը սպառնում է միջոցներ ձեռք առնել՝ զգալիորեն ուժեղացնելով գերմանական սահմանի հսկողությունը և փախստականների մուտքն արգելելով երկիր: Նրա կարծիքով՝ միգրացիայի հարցով ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար չեն: Նա հայտարարել է, որ կխորհրդակցի ՔԴՄ կուսակցության ներկայացուցիչների հետ՝ իրավիճակի կարգավորման հույսով:
Սակայն կիրակի ուշ երեկոյան Մերկելի ՔԴՄ կուսակցությունը միգրացիայի վերաբերյալ կանցլերի դիրքորոշումը պաշտպանող բանաձև է ընդունել:
Փոխանցում է euronews-ը:
‘