‘
ԱԻՆ-ը փոխանցում է, որ այսօր ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Ford» մակնիշի 55 AM 755 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ) և շրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում. ուղևոր՝ 1949 թ. ծնված Ջ. Գ.-ը տեղում մահացել է:
1975 թ. ծնված Ա. Գ.-ը, ուղևորներ՝ 1981 թ. ծնված Լ. Կ.-ը, 1976 թ. ծնված Ս. Ֆ.-ը և 1970 թ. ծնված Գ. Գ.-ը տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Աշտարակի ԲԿ-ից «Արմենիա» ՀԲԿ տեղափոխված «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Ֆ.-ը ժամը 08:00-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածներին և քաղաքացու դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մեկ այլ պատահար էր տեղի է ունեցել այսօր ժամը 09:49-ին՝ Կապան-Քաջարան ավտոճանապարհին: Ավտոմեքենան գլորվել էր ձորը:
ԱԻՆ-ի փոխանցմամբ, Կապան-Մեղրի ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz GL 350» մակնիշի FSDM 153 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ ծնված Զուրաբ Էտիպաշվիլի, Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։
‘