Պատասխանատուն դո՛ւ ես. Տեսանյութ

2322

Հայաստանի սահմաններին կրկին պատանիներ են զոհվում. ընդամենը մեկ գիշերվա ընթացքում, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, 49 զոհ կա… Եվ դեռ էլի կլինեն` կրկին ըստ Նիկոլ Փաշինյանի տվյալների։

Հայաստանի գլխին պայթած հերթական ողբերգությունը, սակայն, ամենեւին չխանգարեց, որ այսօր խորհրդարանում իշխող կուսակցության ներկայացուցիչներն` իրենց մեծարգոյի գլխավորությամբ, էժանագին շոու–ինքնագովազդ բեմադրեն` «քաղցր» հուշերի գիրկն ընկնելով, թե ինչպես է «սարերից իջած իր մի խումբ ձիավորներով» Նիկոլ Փաշինյանը «մարտնչել» սահմանին, թե ինչպես է իր որդի Աշոտիկին ուղարկել Հայրենիքը պաշտպանելու։ Չխանգարեց նաեւ, որ իրար հերթ չտալով «մուննաթ» գան աջուահյակ, թե էս ինչ «անհասկացողներով» են շրջապատված ահա՛ այս անզուգական ու աննախադեպ իշխանությունները, էս ո՞նց չենք հասկանում, որ պատերազմ է, իսկ պատերազմի ժամանակ պետք է միասնական լինել… նույնիսկ` Նիկոլ Փաշինյանի եւ նրա «կոճակ սեղմող» թյուրիմացությունների հետ։

Դրսում պատերազմ է, բայց Նիկոլ Փաշինյանը ոնց որ թե շտապելու տեղ չուներ. մի կուշտ հուշերի գիրկն ընկավ Ազգային ժողովի ամբիոնին թիկնած, մի կուշտ վայելեց իր կուսակիցների ճենճահոտ բաժակաճառերը, հասցրեց նաեւ սրտում «դարերով» կուտակվածը դուրս ցփնել։

Ահավասիկ. համբերությամբ ընթերցեք, որքան էլ որ դժվար ու տհաճ լինի.

«Հիմա գիտեք, խոսում ենք էլի, ուզում եմ մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրել, որ ենթադրում եմ՝ հերթական մեծ սկանդալի առիթ է դառնալու։ Բայց ես չեմ խորշելու դա ասել։ 2020-ի պատերազմից հետո ինձ ե՛ւ ուղիղ, ե՛ւ անմիջական հրապարակային հազարավոր հարցեր են հնչեցրել՝ ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար։ Ոչ մեկը չի հարցրել, իսկ որեւէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար, որեւէ մեկը․․․ հասկանո՞ւմ եք, ես անընդհատ դրա մասին եմ մտածում ու սպասում էի անընդհատ` մեկը կասի` դու վարչապետ ես, չէ՞, երկրի ղեկավար ես… Ուր գնում ես՝ բա ի՞նչ ես արել կանգնեցնելու համար, Շուշին կտայիր, թե չպիտի տայիր, Շուշին հայկական էր մնալու, թե հայկական չէր մնալու։ Մի անգամ լսե՞լ եք, ես չեմ հիշում. բոլորը հարցրել են, թե ինչ ես արել պատերազմը օր առաջ կանգնեցնելու համար, իմանալով պատերազմը կանգնեցելու քաղաքական գինը, բայց ոչ մեկը ՀՀ-ում ոչ մի հարց ոչ մի ֆորմատով ոչ հրապարակային, ոչ` ոչ հրապարակային, չի հնչել` բա որեւէ բան արե՞լ ես, որ պատերազմում Պաշտպանության բանակը, օրինակ, հաղթի, արե՞լ ես որեւէ բան։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Որ այս հարցուպատասխանն ամենեւին էլ իզուր չէ։ Սա ցույց է տալիս մեր հարաբերությունը ինքնիշխանություն, պետականություն, սնկախոթյուն ունենալու կամքի հետ, ինչը չի նշանակում, որ մենք մոլագար ֆանատիկոս պիտի լինենք, հայրենիքի համար զոհվենք կամ ինքնասպանություն գործենք։ Ո՛չ, դրա մասին չէ, բայց այս փաստն ինձ պատերազմից հետո տանջող ամենածանր փաստերից մեկն է, որ ոչ մեկը չի հարցրել՝ մի բան արե՞լ ես որ հաղթանակ լինի եւ ոչ թե պարտություն, եւ այս մտածողությունը բերում է կոնկրետ հետեւանքների` զինվորի ճակատագրի մասով, որովհետեւ բոլորն իմացել են, որ ինչ-որ մի պահի պատերազմ է լինելու, ասել են՝ դե կլինի, կկանգնացնենք։ Ո՞նց, եթե դու այդ կամքը չունես եւ այդ կամքն ապահովող ինստիտուտ չես կառուցել։ Մեկը կարա՞ բացատրի, թե ոնց պիտի կանգնեցվեր պատերազմը, կամ կանխի պատերազմը, կամ հասնի խաղաղության»:

Աննկարագրելի մեծարգո, վսեմաշուք ու արեւաճաճանչափայլ վարչապետ, մի՞թե Ձեզ նման իմաստնագույն աննախադեպին մինչեւ հիմա հասկանալի չէ, թե ինչու ոչ ոք Ձեզ չի տվել «իսկ դու ի՞նչ ես արել հաղթելու համար» հարցը:

Ոչ ոք չի տվել այդ հարցը, աննկարագրելի մեծարգո, վսեմաշուք ու արեւաճաճանչափայլ վարչապետ, որովհետև բոլորն էլ գիտեն, թե ինչ ես արել դո՛ւ: 2019 թվականի օգոստոսի 5-ին սլացար Ստեփանակերտ, հատուկ քո պատվին հանրահավաք կազմակերպեցիր ու այդ հանրահավաքի ժամանակ, ի լուր աշխարհի, կոկորդդ պատռելով բղավեցիր. «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Ալիևն էլ ուշադիր լսեց հոխորտանքդ ու պատասխանեց. «Եթե այդպես է, դու հիմա Արցախի վերջը կտեսնես»:

Դու որքան ուզում ես կրկնիր ու կրկնիր, թե Ալիևն առանց դրա էլ պատրաստվել էր Արցախի դեմ լայնածավալ պատերազմի. անկախ այն բանից` պատրաստվել էր, թե չէր պատրաստվել, անհերքելի փաստ է, որ այդ պատերազմի սանձազերծումը քո այդ հայտարարությամբ ի՛նքդ ես սադրել: Այլ կերպ ասած՝ դու ոչ միայն հաղթելու համար ոչինչ չես արել, այլև կարճամիտ ու քաջնազարական հայտարարությամբ ի՛նքդ ես կանխորոշել մեր պարտությունը:

Որովհետև նման անպատասխանատու ու «պիոներ Մոսիի» քայլով դո՛ւ Հայաստանին ու Արցախին զրկեցիր մեր բոլոր դաշնակիցներից:

Այնպես որ, աննկարագրելի մեծարգո, վսեմաշուք ու արեւաճաճանչափայլ վարչապետ, մեր ազգին բաժին ընկած արյունալի պատերազմի և նվաստացուցիչ պարտության միակ պատասխանատուն դո՛ւ ես: Եվ այս անառարկելի ճշմարտությունն անտեսելու կամ դատարկաբանություններով սքողելու քո բոլոր փորձերը միայն նողկանքախառն խղճահարություն են հարուցում:

Եվ` անսահման արհամարհանք։

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածըԻրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ
Հաջորդ հոդվածըԻրադրությունը սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է լարված մնալ