‘
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի հոսպիտալում, որտեղ բուժում է ստանում երկրի նախագահ Ուգո Չավեսը, ուրբաթ երեկոյան կաթոլիկ պատարագ է մատուցվել, որի մասնակիցներն աղոթել են պետության ղեկավարի առողջության համար: Կրոնական արարողությանը մասնակցել են երկրի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, նախարարներ, նախագահի ազգականներն ու բարեկամները, նաև նրա դուստրը՝ Մարիա Գաբրիելան: Արարողությունը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելէ ազգային բոլոր հեռուստաալիքներով: Պատարագից առաջ փոխնախագահ Մադուրոն Չավեսի կողմնակիցներին խորհուրդ է տվել արհամարհել նրա առողջության վերաբերյալ ստահոդ լուրերը, նա «ֆաշիստական» է անվանել արևմտյան այն լրատվամիջոցները, որոնք նման լուրեր են տարածում:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Ուգո Չավեսը հաղթեց հերթական նախագահական ընտրություններում, սակայն առողջական խնդիրների պատճառով ստիպված էր մեկնել Կուբա և վերջին մեկուկես տարվա ընթացում ենթարկվել չորս վիրահատությունների: Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին Վենեսուելայի ղեկավարի մահվան մասին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘