‘Պատգամավոր. Եթե իշխանությունները անկեղծ լինեին, Գյումրիում բախումներ չէին լինի (տեսանյութ) ‘

1023

Եթե Հայաստանի իշխանությունները վերջն օրերին ավելի ակտիվ եւ անկեղծ լինեին հասարակության հետ խոսելիս, Գյումրիում բախումներ չէին լինի, iLur.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր (ԲՀԿ) Ստեփան Մարգարյանը:

«Կարծում եմ, որ հասարակությունում շատ հարցեր առաջացան, որոնք այդպես էլ պատասխան չգտան: Կարծում եմ, որ հստակ ի սկզբանե պետք էր ժողովրդի հետ խոսել, ներկայացնել այն քայլերը, որոնք պետք է արվեն, ոչ թե անընդհատ Ռուսաստանի սահմանադրությունից մեջբերումներ արվեին: Ես, անկեղծ ասած, մեր Սահմանադրությունից էի ուզում մեջբերումներ լսել: Եթե դա լիներ, իրավիճակը բավականին վերահսկելի կլիներ», — նշեց պատգամավորը:

Մարգարյանի խոսքով՝ անշուշտ, ռազմաբազայի ղեկավարությունը կատարված ողբերգության մեջ եւս շատ մեծ մեղք ունի, որովհետեւ «եթե մարդը զենքը ձեռքին դուրս է գալիս բազայի տարածքից, միայն ինքը չի մեղավոր»: Բայց այս ամենը, ըստ պատգամավորի, չպետք է ազդի ընդհանուր հայ-ռուսական հարաբերությունների վրա:

ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ի սկզբանե իշխանությունները պետք է սգո օր հայտարարեին Ավետիսյանների սպանության կապակցությամբ: Նրա խոսքով՝ դեռ ուշ չէ նման որոշում կայացնել՝ չնայած իշխանական որոշ գործիչների հայտարարություններին, թե «ՀՀ-ում սգո օր հայտարարելու մշակույթ չկա»:

«Սովորաբար, տարբեր հարցեր լուծելու համար իշխանությունները տարբեր մեխանիզմներ գտնում եւ գործադրում են նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չկան, այնպես որ, չեմ կարծում, որ այս դեպքում այդ մեխանիզմները գտնելն այդքան բարդ գործ էր», — ասաց պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է մեդալով’
Հաջորդ հոդվածը‘Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Գյումրու Սբ. Նշան եկեղեցում’