‘
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Ֆեյսբուքում գրում է.
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը զուրկ է որևէ տրամաբանական հիմնավորումից: Դեռևս մեկ ամիս առաջ, երբ Ազգային Ժողովում օրակարգային հարց դարձավ սպասվող թանկացումները և դրա հիմնավորումները, ակնհայտ էր, որ մեր ժողովուրդը որևէ պարտավորվածություն չունի այս կամ այն տնտեսվարողի կողմից իրականացրած ոչ արհեստավարժ գործառույթների արդյունքում վճարի սեփական գրպանից: Շուրջ 10 տոկոսով էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորումներից մեկն է ատոմակայանի բլոկներից մեկի վերանորոգումից ուշ շահագործման հանձնելը և էլի մի քանի այլ հիմնավորումներ, որոնց անդրադարձել եմ նախկինում: Սակայն դրանցից ցանկացածի համար մեր ժողովուրդը պարտավոր չէ վարձահատույց լինել: Անտրամաբանական և հակաիրավական որոշում, որը վերաբերվում է յուրաքանչյուրիս, առավել ևս սոցիալապես խոցելի խմբի մեր հայրենակիցներին, որոնց աղքատության ցուցանիշը հասնում է 40 տոկոսի»:
‘