‘Պատգամավոր. Հայաստանը հրաժարվում է «ջրադոլարներից»’

711

Հայաստանում ջրային պաշարների պահպանության քաղաքականության բացակայությունը սպառնում է լուրջ խնդիրներ: Ինչպես այսօր մամլո ասուլիսում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, հանրապետությանը լուրջ խնդիրներ են սպառնում այն դեպքում, եթե համարժեք պատասխան չտրվի թուրքական կողմի գործողություններին, որը հայտարարել է մի քանի ջրամբարների կառուցման մասին: Նրա խոսքով, արդեն 10-15 տարի անց կարժևորվեն ոչ թե «նավթադոլարները», այլ` «ջրադոլարները»: Իսկ Հայաստանը, ունենալով 7 մլրդ խմ ջրի վերականգնվող պաշարներ, խոշոր ջրամբարների ստեղծման ոչ մի ծրագիր չի իրագործում:

Ինչպես նշվել է, Թուրքիայում ջրամբարների կառուցումն արդեն տվել է իր պտուղները` Հայաստանի տարածքում ոռոգման ջրի պակասի տեսքով: Մինչդեռ հայկական կողմը ձեռնամուխ չի լինում սեփական ջրային պաշարների պաշտպանությանը նպատակաուղղված ռազմավարական ծրագրերի մշակմանը:

Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆոյի հետ զրույցում նշել էր «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Սարգսյանը, ընթացիկ տարվա հոկտեմբեր-նոյեմբերի վերջին թուրքական կողմը կավարտի Կարսի 230 մլն խմ ծավալի երկրորդ ջրամբարի շինարարությունը: Բացի այդ, Թուրքիան ծրագրում է Արաքսի վրա երկու մեծ ջրամբարների կառուցում` 265 մլն խմ և 230 մլն խմ ծավալով:

Թուրքիայի «ջրային էքսպանսիային» Հայաստանի պատասխանը եղան Կապսի և Եղվարդի ջրամբարների վերականգնման, ինչպես նաև Վեդիում և Մաստարայում նոր ջրամբարների կառուցման ծրագրերը: Ինչպես սպասվում է, նախագծային աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարում: Կապսի ջրամբարի ծավալը կկազմի 60 մլն խմ, Եղվարդինը` 90 մլն խմ, Վեդիինը` շուրջ 20 մլն խմ, Մաստարայի ջրամբարինը` 10 մլն խմ:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է Միասնական քննչական կոմիտե ստեղծելու մասին օրինագիծը’
Հաջորդ հոդվածը‘«Samsung»-ը ներկայացրեց նոր Galaxy S5 սմարթֆոնները’